Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանին աշխատանքից ազատվելուց հետո մի շարք աշխատանքի հրավերներ է ստացել, սակայն դեռ մտածում է եւ առաջիկայում որոշում կկայացնի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը:
Նա, սակայն, չցանկացավ նշել՝ աշխատանքային առաջարկները համակարգից են, թե այլ բնագավառից: Նա նշեց, որ չի կարող չաշխատել, քանի որ ինչքան ապրում է, պետք է աշխատի: Ավելին` նշեց, որ արդեն 5 տարի է բարձր թոշակ է ստանում դատախազությունից, բայց շարունակել է եւ շարունակելու է աշխատել: Անգամ աշխատանքից ազատվելուց հետո չի հասցրել հանգստանալ: «Ես հանգստացողներից չեմ: Ինքս ինձ համար աշխատանք գտնում եմ: Անընդհատ ինձ մոտ մարդիկ գալիս եւ խորհուրդներ են հասցնում, իրավաբանական խորհրդատվություն եւ այլն, եւ այլն: Այգեգործությամբ եմ զբաղվում, ընթերցանությամբ: Ընթերցում եմ գրականություն, որը դեռ չէի հասցրել ընթերցել: Այս պահին, որ խոսում ենք, ես աշխատանքի մեջ եմ»,- մանրամասնեց Անդրանիկ Միրզոյանը:
Նա անկեղծացավ, որ 5-րդ դասարանից սկսել է աշխատել: «Սովխոզի դաշտերում ես խոտ եմ հավաքել, 10-րդ դասարանում արդեն շատ ավելի ծանր աշխատանքներ եմ կատարել շինարարության վրա: Երկհարկանի տներ ենք կառուցել, բանվորություն եմ արել ու չեմ ամաչել: Համալսարանը ավարտելուց հետ էլ Ռուսաստանում քննիչ եմ աշխատել»,- պատմեց Անդրանիկ Միրզոյանը: Միաժամանակ նշեց, որ ինքը տխուր մարդկանցից է եւ երբեք չի ուրախացել: «Ես չեմ ցանկանում Չառլի Չապլինին նմանվել, քանի որ նա մեծ մարդ էր: Բայց ես վայրկյաններ, րոպեներ եմ ուրախացել: Իմ կյանքը այդպես է դասավորվել»,- ավելացրեց Անդրանիկ Միրզոյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքից ազատել էր ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանին եւ փոխարեն մայիսի 6-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության նոր պետ նշանակել Վահրամ Շահինյանին:





























