3 օր առաջ Արցախի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորումից մահացած 20-ամյա Արման Մուրադյանի մորը գիշերն են ասել կատարվածի մասին եւ մինչեւ հիմա բժիշկները նրան դեղերով թմրեցնում են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզի Ցամաքասար գյուղի գյուղապետ Գոռ Գրիգորյանը:
Նա փոխանցեց, որ տղայի մայրը շատ վատ վիճակում է եւ շտապօգնությունը կողքից չի հեռանում: Արման Մուրադյանին հուղարկավորել են Էջմիածնում: Հարցին, թե ծնողները հավատում էին ինքնասպանության վարկածին, թե ոչ, գյուղապետն ասաց, որ չի կարող ասել: Սակայն հայրը պատմել է, որ տղան վերջին անգամ հեռախոսով իր հետ է խոսել եւ հեռախոսի չիպ խնդրել ուղարկել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արման Հովսեփի Մուրադյանը 3 ամիս հետո պետք է տուն վերադառնար: Գյուղապետը պատմել էր, որ տղայի հայրը գյուղի իրենց տունն ու հողերը վաճառելուց հետո մեկնել էր Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, իսկ մայրը կրտսեր որդու հետ ապրում է Էջմիածնում՝ հարազատների տանը: Հարցին, թե ճանաչելով Արմանին ի՞նչ է կարծում, նա ինքնասպանության կգնա՞ր, գյուղապետը պատասխանել էր. «Շատ խելոք ընտանիքի երեխա էր: Ինքը շատ խեղճ ծառայող էր, չէր հարմարվում: Մեր աչքի դեմը մեծացած երեխա էր, շատ խելոք, շնորհքով ընտանիք էր: Մի անգամ էլ դեպք եղավ, երբ ծառայությունից փախավ, էլի հետ տարանք: Ծառայության հետ չէր հարմարվում: Սերժանտ էլ է եղել, թե ինչի պետք է այդպիսի քայլի գնար, չեմ հասկանում»:
Հիշեցնենք, որ Արցախում հուլիսի 30-ին հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում, նախնական տվյալներով, հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1993թ. ծնված Արման Հովսեփի Մուրադյանը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, թե միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Դեպքից երկու օր անց հարազատները դեռ տղայի մորը չէին կարողանում ասել կատարվածի մասին: Իսկ հայրը Ռուսաստանից վերադառնալու ճանապարհին է տեղեկացել, թե իրականում ինչի համար են իրան շտապ կանչել Հայաստան:





























