24-ամյա Էդիկ Հովսեփյանը ծեծել է «Արարատ» ռեստորանային համալիրի մատուցող Հարություն Փարամազյանին: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Վեճը ծագել է սպասարկման շուրջ: 24-ամյա Էդիկ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է բռնությամբ: Նա  «Արարատ» ռեստորանային համալիրի մատուցող Հարություն Փարամազյանի նկատմամբ բռնություն  է գործադրել: Բացի այդ ռեստորանային համալիրի գույք հանդիսացող օղու բաժակը ոչնչացրել է:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258  հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-300-պատիկի չափով, կամ կալանքով` 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:

Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել  օգոստոսի 2-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: