Ստամբուլի ծանր հանցագործությունների  գործերով 13-րդ դատարանում օգոստոսի 5-ին տեղի է ունեցել սկանդալային «Էրգենեկոնի» գործով վերջին դատական նիստը, որի ժամանակ հայտարարվել են մեղադրյալների պատժաչափերը։

Թուրքական Samanyolu կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում մոտ 5 տարի տեւող «Էրգենեկոն»-ի գործով վերջին դատական նիստին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 13-րդ դատարանի նախագահ Հասան Հուսեյին Օզեսեն կարդացել է դատարանի կայացրած որոշումները։

Դատական որոշումների մեջ աչքի է ընկել այն հանգամանքը, որ երդվյալ հակահայ գործիչները խիստ ծանր պատժաչափերի են արժանացել։ Այսպես, «Աշխատավորական» կուսակցության նախագահ, Եվրոպայում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ակտիվ պայքար մղող «Թալեաթ փաշա» կազմակերպության ղեկավար Դողու Փերինչեքը դատապարտվել է 117, խիստ հակահայ պաշտոնաթող գեներալ Վելի Քյուչուքը՝ ցմահ,  Յալչըն Քյուչուքը՝ 86 տարվա ազատազրկման։

Դատական նիստը դեռեւս շարունակվում է։

Հիշեցնենք, որ  «Էրգենեկոն» ենթադրյալ ահաբեկչական գաղտնի կառույց է, որի նպատակներից է եղել Թուրքիայում քաոս ստեղծելու միջոցով հեղաշրջում իրականացնել:  «Էրգենեկոնի» ծրագրերի մեջ է եղել  Պոլսո Հայոց պատրիարքի, Սեբաստիայի հայ համայնքի ղեկավարի սպանությունները կազմակերպելը: