50-ամյա Արարատ Ղարիբյանը Սարյանի արձանի մոտ կոտրել է Մարինա Ս-ի քիթը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է  իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 50-ամյա Արարատ Ղարիբյանը Երեւան քաղաքի Սարյանի արձանի մոտ վիճաբանել է Մարինա Ս-ի հետ, որի ընթացքում բռունցքով հարվածել է վերջինիս դեմքին: Արդյունքում դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել է թեթեւ վնաս` առողջության կարճատեւ քայքայումով` քթոսկրի կոտրվածքի, զույգ ստորին կոպերի արյունազեղման ձեւով:

Քրեական գործ է հարուցվել 117 հոդվածի հատկանիշներով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատեւ քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 50-100-պատիկի չափով:

Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: