«Հրապարակը» գրում է, թե չնայած ՀՀ եւ ԱԺ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանն արդեն մի քանի օր է` վերադարձել են հանգստից, սակայն ՀՀԿ-ն չի պատրաստվում այս հինգշաբթի  ԳՄ նիստ հրավիրել:

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ ԳՄ նիստեր չեն եղել, այս շաբաթ ինչո՞ւ չի լինելու` հարցրինք ՀՀԿ մեր աղբյուրից: «Պատգամավորների մեծ մասը դեռ հանգստանում են, երկրում չեն, կգան, նոր կանենք»: Օգոստոսի 5-ից սկսվել են Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքի պատգամավորության թեկնածուների առաջադրումները: Առաջադրման վերջնաժամկետը օգոստոսի 15-ն է, գրանցումը` օգոստոսի 15-25-ը: ՀՀԿ-ն մինչ այդ ժամկետները կհասցնի՞ նիստ հրավիրել եւ հայտարարել իր թեկնածուի անունը: Ընտրություններն այս տարածքում նշանակված են սեպտեմբերի 29-ին:

Ըստ որոշ լուրերի՝ Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի վերջին նիստում հանձնարարել է Սյունիքի ՀՀԿ տարածքային կազմակերպությանը թիվ 38-ի թեկնածուին նախ որոշել իրենց մոտ: Իսկ ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության  նախագահը նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է, ով երեկ չի բացառել անգամ իր առաջադրման հավանականությունը: