Մեր հասարակությունում գենդերային հավասարության գաղափարի դեմ պայքար եղել է եւ բավական էական, ու մինչ օրս էլ տարբեր տեղերում դեռ հայտնաբերվում են այդ մտածելակերպն ունեցողների բարձրագոչ մտքերը: «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի շուրջ առաջացած աղմուկին՝ ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: 

«Հատկանշական է, որ հատկապես կարծրատիպերով ներշնչված տղամարդիկ են ընդգրկված այդ պայքարում, ովքեր վախենում են «իրենց կնիկների» նկատմամբ ճղճիմ իշխանության համար կամ իրենց տաքուկ տեղերը կորցնելուց: Մեկ բան անկասկած է՝ կան ճշմարտություններ, որոնք ապացուցման կարիք չունեն, քանզի արմատավորված են քաղաքակիրթ մարդկության մշակույթի եւ կենսափորձի մեջ՝ կանայք, ի տարբերություն տղամարդկանց, հանրային կյանք են բերում ավելի շատ մարդասիրություն, բարություն, բարոյականություն, եւ սա աներկբա է բոլոր երկրների ու ժամանակների համար»,-ասել է նա:

Հարցին, թե ինչպես կարելի է բացատրել այս ալիքը, որ բարձրացավ օրենքի շուրջ, Նաղդալյանը պատասխանել է. «Այստեղ գումարվեցին մի քանի հանգամանքներ, անգործ մնացած պարապ մարդիկ, որոնք անելիք չունեն, մարած պարտատոմսեր, որ մտածում են, թե ինչպես վերականգնվեն իրենց ու քաղաքական աղբանոցից փորձեն վերադարձնել իրենց: Էլ չեմ անդրադառնում այն ուղեղներին, որոնք տառապում են «պերմանենտ դավադրության տեսություններով» կամ ամենուրեք մեզ համար հակառակորդներ են փնտրում»:

(Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում)