ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ը տեղեկացել է, որ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը նշանակվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության լրատվական-վերլուծական հաղորդումների տնօրեն: Այդ կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սամվել Ֆարմանյանին Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին:

Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Արմեն Արզումանյանը:

Արմեն Արզումանյան /կենսագրական տվյալներ/

Ծնվել է 1973թ. մայիսի 9-ին:

1995թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության պետական ինստիտուտը` միկրոէկոնոմիկա մասնագիտությամբ:

1991-92թթ` «21» երիտասարդական թերթի համահիմնադիր,

1993-95թթ.` թղթակցել է «Հայաստանի Հանրապետութիւն» թերթին,

1995-96թթ` «Արտ 13» հեռուստաընկերության խմբագիր,

1997-98թթ.` ՀՀ Նախագահի մամուլի ծառայության աշխատակից,

1998թ. փետրվար-հուլիս` «Կայմ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն,

1998-2000թթ.` Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար,

2000-2001թթ.` Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար,

2001-2010թթ. մարտ` Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության գործադիր տնօրեն: