«Երեւանում 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից բացահայտված «բանդա»-ի պարագլուխը նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն է»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բանդայի անդամ համարվող Քյարամ Ամոյանի մայրը` Կարինե Ամոյանը: «Իրական մեղավորներին մեջից հանել է, իսկ իմ էրեխուն մտցրել է մեջ»,- ավելացրեց Կարինե Ամոյանը: Նա ասաց, որ իր տղան եւ մյուս անմեղները օրենքի առաջ են պատժվում, իսկ իրական մեղավորները՝ Աստծո կողմից: «Մենք օրենքի ձեռն ենք դատվում, իսկ իրանք՝ Աստծո»,- նշեց Քյարամ Ամոյանի մայրը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ որդին Նուբարաշենի հոգեբուժարանից տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց: Մայրը նաեւ հայտնեց, որ անծանոթ անձինք որդուն ահռելի քանակությամբ ուտելիքներով ծանրոցներ են ուղարկել, ինչը կասկածներ է հարուցել եւ որդին չի կերել՝ մտածելով, որ դա իր ընտանիքի անդամների ուղարկած ծանրոցը չէ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից բացահայտված «բանդայի»  գործով 16 ձերբակալվածներից 10 ազատ են արձակել:  Տեղեկացրել էինք նաեւ, որ ավազակախմբի վնասազերծման գործողությունը սեպտեմբերի 23-ին իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում բերման էին ենթարկվել 16 անձ: Գործողության ժամանակ կասկածյալներից մի քանիսը փորձել էին փախուստի դիմել, իսկ Mercedes մակնիշի մեքենան վթարվել էր, 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել: Բանդայի վնասազերծման գործողության արդյունքում ձերբակալվել էր 16 մարդ, որոնցից 8-ը, այդ թվում` հանցախմբի պարագլուխներից մեկը համարվող Արտուշ Հակոբյանը ավելի ուշ կալանավորվել էին: Սկզբում տեղեկություններ էին շրջանառվում, թե այս գործում մի ամբողջ շարք պաշտոնատար անձանց զավակներ են խառնված, սակայն այդ լուրերը հերքվեցին ոստիկանության եւ դատախազության կողմից: