Մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունումից երկու օր հետո Շվեդիայի վարչապետը զանգահարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Թուրքիայի կառավարության մամլո բաժնի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդտը իր մտահոգությունն է հայտնել իր երկրի խորհրդարանի կողմից ընդունված որոշման համար: «Կառավարության անունից հայտարարում եմ, որ մենք կտրուկ դեմ ենք եղել հիշյալ օրինագծի ընդունմանը, բայց չենք կարողացել կանխել այն: Այդ ամենը եղել է ներքին քաղաքական զարգացումների արդյունք: Սակայն չպետք է թույլ տալ, որ դա ազդի թուրք-շվեդական հարաբերությունների վրա: Շվեդիան այսուհետ եւս կշարունակի աջակցել Թուրքիային ԵՄ-ի անդամակցության ճանապարհին եւ այլ ոլորտներում: Շվեդիայի կառավարությունը պատրաստ է անել անհրաժեշտը թույլ չտալու համար, որ մեկ քվեի տարբերությամբ ընդունված որոշումը ստվերի մինչ այսօր եղած երկկողմ հրաշալի հարաբերությունները»-ասել է Շվեդիայի վարչապետը:
Նշենք, որ Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից անմիջապես հետո Թուրքիան ետ կանչեց Ստոկհոլմում իր դեսպանին, չեղյալ հայտարարվեց Էրդողանի այցը Շվեդիա: Թուրքիայի նախագահը, վարչապետը հանդես եկան շվեդ խորհրդարանականներին անձնական վիրավորանքներ հասցնող հայտարարություններով:



























