Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ «Աքսիս քորփորեյթ» իսպանական ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման շրջանակում քննարկվել են քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում մասնագիտացած ընկերության հետ հնարավոր համագործակցության հարցեր:

Ողջունելով հյուրերին եւ կարեւորելով քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումները` Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այդ ուղղությամբ Երեւանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում ձեռնարկված քայլերի արդյունքում կյանքի են կոչվել մի շարք համատեղ ծրագրեր:

«Երեւանի քաղաքապետարանը մշտապես ողջունել է մասնավոր ընկերությունների ներգրավվածությունը՝ ի շահ Երեւանի ու երեւանցիների իրականացվող ծրագրերում: Տարբեր երկրներում ձեր ընկերության կողմից ծավալած գործունեությունն ու կուտակած փորձը, վստահ եմ, փոխշահավետ համագործակցության հնարավորություն կընձեռի: Եվ վստահեցնում եմ, որ մենք բաց եւ պատրաստակամ ենք համագործակցության համար»,- ընդգծել է քաղաքապետը: Տարոն Մարգարյանը նաեւ հավելել է, որ Երեւանի քաղաքապետարանն այսօր հետաքրքրված է, մասնավորապես, հասարակական տրանսպորտի ոլորտում միասնական տոմսի ներդրման հարցում եւ հույս է հայտնել, որ իսպանական փորձառու ընկերությունը կկարողանա որոշակիորեն օգտակար լինել այդ հարցում:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին հանդիպման եւ համագործակցության պատրաստակամության համար` <<Աքսիս քորփորեյթ>> ընկերության բաժնետեր Անտոնիո Ասենսիոն նշել է, որ տրանսպորտի ոլորտի բարեփոխումների իրենց մոտեցումները ներառում են զարգացման այնպիսի ռազմավարություն, որը հիմնված է  մի քանի գործոնների զուգահեռ ակտիվացման վրա:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ձեւավորելու համատեղ աշխատանքային խումբ եւ քննարկել փոխգործակցության առաջարկների ամբողջական փաթեթը: