Ավարտվեց COP17 համաժողովը, որին մասնակցեց Հայէկոնոմբանկը՝ ներկայացնելով կայուն զարգացմանը միտված բանկային լուծումներ՝ փորձագիտական համայնքի և գործարարների ակտիվ ներգրավմամբ:

Կանաչ գոտում գտնվող Հայէկոնոմբանկի տաղավարում համաժողովի այցելուները ծանոթացան բնապահպանական ֆինանսավորման գործիքներին, որոնք հնարավորություն են տալիս ապագային ուղղված գաղափարները վերածել իրական քայլերի:

«Դիտարկելով բնապահպանական խնդիրները որպես իրական տնտեսական գործոն՝ Հայէկոնոմբանկը որոշում կայացրեց ակտիվ մասնակցություն ունենալ COP17 համաժողովին։ Մեր առանցքային նպատակն է համախմբել ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերը՝ կանաչ ֆինանսները տնտեսվարողների ավելի հասանելի դարձնելու համար: Հայէկոնոմբանկը մեծ ներդրում ունի ինչպես միջազգային ֆոնդերի աջակցությամբ, այնպես էլ սեփական ռեսուրսներով կանաչ տնտեսության խթանման հարցում, և նման մասշտաբային միջոցառումները կարևոր են կանաչ ֆինանսների հանրահռչակման համատեքստում», - իր խոսքում նշեց Հայէկոնոմբանկի Շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման բաժնի պետ Աննա Եղոյանը:

Կայուն զարգացում․ գաղափարից մինչև չափելի ազդեցություն

Հայէկոնոմբանկը շարունակում է ֆինանսավորել կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված նախաձեռնությունները՝ վերականգնվող էներգիայի արտադրությունից մինչև էներգաարդյունավետության բարձրացում և ռեսուրսների արդյունավետ օգտագործում։

Բանկի գործող կանաչ պորտֆելի վերականգնվող էներգիայի ուղղությունը ներառում է շուրջ 121,000 կՎտ հզորությամբ տեղադրված արևային էներգիայի կայաններ, որոնք ունեն տարեկան մոտ 194 գիգավատ-ժամ մաքուր էլեկտրաէներգիա արտադրելու ներուժ։

Այս նախաձեռնությունները նպաստում են էներգասպառման և CO₂ արտանետումների նվազեցմանը՝ ամրապնդելով Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու խթանելով կայուն տնտեսական զարգացումը։ Դրանք արտացոլում են Հայէկոնոմբանկի հանձնառությունը՝ ֆինանսական ռեսուրսները վերածելու չափելի բնապահպանական արդյունքների։

Կանաչ ֆինանսներ՝ հանուն բնության. հանձնառությունից դեպի գործողություն

Համաժողովին մասնակցության շրջանակում Բանկը նախաձեռնեց պանելային քննարկում՝ «Կանաչ ֆինանսներ՝ հանուն բնության. հանձնառությունից դեպի գործողություն» խորագրով, որի ընթացքում պետության, բիզնեսի, միջազգային կառույցների և փորձագիտական համայնքի դիտանկյուններից քննարկվեց այն կարևոր դերակատարումը, որ ֆինանսական համակարգն ունի գաղափարները շոշափելի ու կայուն ազդեցության վերածելու գործում:

«Հայէկոնոմբանկը՝ որպես ֆինանսական կազմակերպություն և բանկային բրենդ, մասնակցում է COP17 նշանակալի միջոցառմանը՝ ընդգծելով բնապահպանական ծրագրերին և կանաչ ֆինանսավորմանը միտված պատասխանատվությունը: Առաջին անգամ մասնակցելով նման լայնամասշտաբ միջոցառման՝ Բանկը նպատակ ունի խթանել դրական փոփոխությունները և նպաստել հասարակության շրջանում բնապահպանական ծրագրերի և կայուն զարգացման մասին իրազեկվածության բարձրացմանը», - նշում է Հայէկոնոմբանկի Մարքեթինգի բաժնի պետ Արման Տոնիկյանը:

Երկխոսությունից՝ արդյունավետ լուծումներ․ հաճախորդների կարիքներին համահունչ ֆինանսավորում

Կարևորելով հաճախորդակենտրոն սպասարկման շարունակական կատարելագործումը՝ Հայէկոնոմբանկը համաժողովի շրջանակում անցկացրեց փոդքասթային քննարկումների շարք փորձագետների, գործարարների և պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Նպատակն էր վեր հանել և քննարկել այն առաջարկները, որոնք թույլ կտան լավարկել կանաչ ֆինանսավորման գործիքակազմը՝ հաճախորդների կարիքներին առավելագույնս հարմարեցված լուծումներ առաջարկելու համար:

Իրական պատմություններ․ կանաչ ֆինանսավորման հաջողված փորձը

COP17-ի շրջանակում ներկայացրեց հաջողված բիզնես պատմություններ, որոնք ակնառու կերպով ներկայացնում են կանաչ ֆինանսավորման, նորարարական լուծումների և ռեսուրսախնայող տեխնոլոգիաների սիներգիկ ազդեցությունն իրական տնտեսության վրա:

Համաժողովի շրջանակում Հայէկոնոմբանկի ներկայացուցիչները մասնակցեցին Կապույտ գոտում կազմակերպված «Ֆինանսական հատվածի ներգրավումը Կենսաբազմազանության ազգային ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի (NBSAPs) իրականացման գործում» խորագրով քննարկմանը։ Հանդիպման ընթացքում դիտարկվեցին բնության համար դրական արդյունքների ապահովման ուղիները, ֆինանսական համակարգի անցումային ծրագրերն ու լանդշաֆտային մոտեցումները՝ որպես կենսաբազմազանության պահպանմանն ուղղված գործնական և կայուն լուծումներ։

Հայէկոնոմբանկը, առաջնորդվելով կայուն զարգացման օրակարգով, շարունակում է հուսալի գործընկեր լինել կանաչ նախագծեր կյանքի կոչելու և դիմակայուն տնտեսության ձևավորելու գործում:

86 86 | aeb.am

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: