«Ուժեղ Հայաստանի» հետ չի կարելի խոսել ճնշման լեզվով, դա որևէ արդյունք չի տա։ Նոյեմբերի 2-ին խորհրդարանական ավանդական ճեպազրույցների ժամանակ նման հավաստիացմամբ է հանդես եկել «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ իշխող ուժը կարող է հանրային ճնշում գործադրել ընդդիմության նկատմամբ՝ Ազգային ժողովում սահմանադրական հանրաքվե նշանակելու որոշումն առաջ մղելու նպատակով։

«Ինձ թվում է՝ մեր անցած ուղին վկայում է այն մասին, որ մեզ հետ չի կարելի խոսել ճնշման լեզվով։ Նման եղանակով նրանք արդյունքի չեն հասնի», — մասնավորապես վստահեցրել է պատգամավորը։ Նա հիշեցրել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը ներկայումս տնային կալանքի տակ է Հայ առաքելական եկեղեցին պաշտպանելու պատճառով, ինչպես նաև մատնանշել է նախընտրական շրջանում, բուն ընտրությունների օրը և դրանցից հետո վարչական ռեսուրսի ու բռնաճնշումների կիրառումը։

«Ամեն դեպքում, մեր անցած ուղին վկայում է, որ մենք պատրաստ ենք ամեն ինչի», — ընդգծել է Աբրահամյանը՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ նոր Սահմանադրության նախագիծը չի ստանա Հայաստանի ժողովրդի իրական աջակցությունը։

Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք բացառում է իր խմբակցության մի քանի պատգամավորների՝ հանրաքվե նշանակելու որոշմանն անսպասելիորեն կողմ քվեարկելու հավանականությունը, Տիգրան Աբրահամյանը կտրականապես բացառել է նման սցենարը։ Նա նաև վստահեցրել է, որ այս հարցի վերաբերյալ իր բարձրաձայնած դիրքորոշումն արտացոլում է խմբակցության բոլոր 29 խորհրդարանականների, ինչպես նաև կուսակցության ղեկավարության տեսակետը։

Անդրադառնալով այն հարցին, թե հնարավոր հանրային ճնշման դեպքում արդյոք ընդդիմությունը պատրաստ է հանդես գալ միասնական ճակատով՝ Աբրահամյանը նշել է, որ խոսքը համազգային բնույթի հարցերի մասին է։ «Դուք հիմա խոսում եք այնպիսի հարցերի մասին, որոնք ունեն համազգային նշանակություն։ Շատ հաճախ նման հարցերը կուսակցական շահերից վեր են։ Ընդհանուր առմամբ, սա մեր ողջ ժողովրդի հարցն է։ Ժամանակի ընթացքում մենք կհասկանանք, թե ինչպես գործել այս ուղղությամբ», — նկատել է խմբակցության քարտուղարը։

Իր հերթին, «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արեգա Հովսեփյանը, մեկնաբանելով վարչապետի հայտարարությունը, հավելել է, որ քաղաքական ուժն ունի սեփական օրակարգը, որին էլ մտադիր է հետևել։ «Տարբեր քաղաքական գործընթացների ժամանակ կարող են տարբեր գործիքներ կիրառվել։ Ամեն դեպքում, «Ուժեղ Հայաստանը» միշտ ունի իր ծրագրերն ու իր օրակարգը։ Մեր հստակ օրակարգն այն է, որ «ալիևյան» սահմանադրությունը տեղ չունի Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Հենց այս օրակարգով էլ մենք կառաջնորդվենք», — եզրափակել է Հովսեփյանը։