ՎիվաՍել-ՄՏՍ-ը Խոր Վիրապի վանական համալիրի տարածքում տեղադրել է տեսակրպակ: Հայաստանում նման տեսակրպակ առաջին անգամ տեղադրվել է Էջմիածնի Սբ. Գայանե եկեղեցու տարածքում: Նախագծի նպատակը հայկական մշակութային հուշարձանների մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը եւ Հայաստանի՝ որպես տուրիստական գրավչության գոտու դիրքերի ամրապնդմանը նպաստելն է:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ տեսակրպակը տեղադրված է Սբ Գեւորգ եկեղեցու առջեւ: Եկեղեցու ներսում է գտնվում այն վիրապը, ուր անազատության մեջ էր պահվում Գրիգոր Լուսավորիչը: Տեսակրպակն այցելուներին հնարավորություն կտա նկարահանել մեկ րոպե տեւողությամբ տեսանյութ եւ այն էլեկտրոնային փոստով ուղարկել մտերիմներին ու ընկերներին: Ծառայության արժեքը 500 դրամ է: Տեսասարքը տեղադրված է այնպիսի դիրքով, որպեսզի տեսագրության երկրորդ պլանում երեւա հուշարձանը: Հաղորդագրության մեջ ներառվում է տեղեկատվական ծանուցում` տվյալ հուշարձանի վերաբերյալ: Դա հաղորդագրություն ստացողին հնարավորություն կտա եկեղեցու բակում գտնվողից ողջույն ստանալուն զուգահեռ` ծանոթանալ նաեւ հուշարձանի պատմությանը: Սարքը թույլ է տալիս հաղորդագրություններն ուղարկել անգլերենով, հայերենով կամ ռուսերենով:
«Տեսակրպակը հիշարժան պահերն առցանց հավերաժացնելու եւ տպավորություններով կիսվելու ամենադյուրին եւ արագ հնարավորություն է` հեռվում գտնվող ընտանիքի անդամների եւ ընկերների հետ: Այս լուծման եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գերարագ ինտերնետի շնորհիվ, պատմական եւ մշակութային հետաքրքրություն ներկայացնող հերթական վայրն այսուհետեւ ապահովված է գրավչությունն աշխարհին ցուցադրելու հարմարավետ հնարավորությամբ: Ընդհանուր առմամբ, տեսակրպակների տեղադրման նախագիծը հրաշալի գործիք է`Հայաստանը զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող երկրների շարքում ընդգրկելու համար: Այս լուծումը կօգնի նաեւ զբոսաշրջիկ-Հայաստան զգացմունքային կապի ստեղծմանը եւ քաղաքակրթությունների զարգացման տիրույթում մեր հայրենիքի անունը մտապահելուն»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախատեսում է տեսակրպակներ տեղադրել նաեւ Հայաստանի պատմամշակութային այլ հուշարձանների տարածքում:




























