Մայրաքաղաքում առանձնատների քանակը վերջին տասնամյակում գրեթե կրկնապատկվել է. 2002թ. հունվարի 1–ի դրությամբ Երեւանում առկա է եղել մոտ 29,7 հազ. առանձնատուն` ավելի քան 5,0 մլն քմ տարածքով: 2012 հունվարի 1-ի դրությամբ առանձնատների թիվը հասել է 54,7 հազարի:
2002թ. հունվարի 1 –ի դրությամբ Երեւանում առանձնատները միջինը 168,5 քմ տարածք ունեին, իսկ ահա վերջին տարիների առանձնատները` միջինը 160,5 քմ տարածք: Պարզ է, որ որքան քիչ է տարածքը, այնքան քիչ է գույքահարկը:
Ընթացիկ տարվա փետրվարին մայրաքաղաքում վաճառվել է 104 առանձնատուն, ինչը 25 միավորով կամ 32%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ստորեւ ներկայացվող գծապատկերից ակնհայտ է, որ առանձնատների առքուվաճառքի գործարքների ամենամեծ թիվն արձանագրվել է նախաճգնաժամային 2008 թ-ին:
Իսկ ահա Հայաստանի տնտեսության համար ճգնաժամային 2009 թ-ին այդ ցուցանիշն ամենացածրն է եղել: Իսկ ընթացիկ տարվա փետրվարին գործարքների թիվը հասել է գրեթե 2008 թ-ի մակարդակին:
Այստեղ պետք է հաշվի առնել մեկ հանգամանք. մեզանում գործարքների թիվը որոշվում է ոչ թե վաճառողների, այլ գնորդների թվով: Հաշվի առնելով, որ բնակարան վաճառել ցանկացող քաղաքացիների թիվն ավելի շատ է, քան գնորդներինը, հետեւաբար փետրվարին արձանագրված գնողունակ պահանջարկի կտրուկ աճը բացատրության կարիք ունի:
Առաջին հայացքից, մայրաքաղաքում առանձնատների շուկայում ակտիվություն է նկատվում, սակայն եթե դիտարկենք ընթացիկ տարվա առաջին երկու ամիսների տվյալները, պատկերը զգալի կփոխվի: Հունվար- փետրվարին մայրաքաղաքում գրանցվել է առանձնատների առքուվաճառքի 189 գործարք, ինչը ընդամենը 8 միավորով կամ 4%-ով է գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այնպես որ, «կտրուկ» աճը պարզվում այնքան էլ «կտրուկ» չէ...
Ընթացիկ տարվա փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, առանձնատների մեկ քմ-ի միջին շուկայական գինն աճել է 14,2 հազ. դրամով կամ 5,3%-ով: Ընդ որում, ամենաշատը բարձրացել են «Ավան» վարչական շրջանում առանձնատների գները` 19,3 հազ. դրամով կամ 7,7%-ով: Նույն ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի փոխարժեքն ամրապնդվել է 18 դրամով կամ 4,7%-ով, ինչը իր ճշգրտումներն է մտցրել դոլարով գործարքներում. ստացվում է, որ առանձնատների մեկ քմ-ի միջին գինը աճել է «ընդամենը» 4 դոլարով կամ 0,5%-ով:
Միաժամանակ, մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում առանձնատների «դոլարային» արժեքում անկում է արձանագրվել: Այսպես, էլիտար Կենտրոն վարչական շրջանում մեկ քմ-ի գինը նվազել է 19 դոլարով կամ 1,6%-ով, Արաբկիրում`6 դոլարով կամ 0,6%-ով:
Այսպիսով, առանձնատների հարցում գնողունակ պահանջարկը մայրաքաղաքի «թանկարժեք» շրաջաններից տեղաշարժվում է դեպի ծայրամասեր:
Ալբերտ Խաչատրյան





























