Ավտովթարից մահացած ամուսիններ Ալեն Եկիկյանի եւ Սոսե Թոմասյան-Եկիկյանի ընկերներն ու ընտանիքի անդամները հայտարարել են Գլենդելում հիմնադրված Սոսեի ու Ալենի ժառանգության հիմնադրամի կայքի գործարկման մասին, որը համընկել է նրանց ամուսնության մեկամյակի հետ՝ օգոստոսի 11-ին: Այս մասին գրում է «Asbarez»-ը:
Հիմնադրամը ստեղծվել է ամուսնական զույգի հիշատակին: «Սոսեն ու Ալենը ապրեցին կրքոտ, անձնուրաց եւ ազդեցին շատերի կյանքի վրա: Հիմնադրամը կաշխատի նույն ոգով եւ որակով, որպեսզի շարունակի այն, ինչը նրանք սկսել էին Հայաստանում եւ սփյուռքում»,-ասել է Հիմնադրամի նախագահ Վաչե Թոմասյանը:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 10-ին Վրաստանում ավտովթարից զոհվել են «ՍիվիլՆեթ»-ի կայքի մշակող եւ տեխնիկական պատասխանատու Ալեն Եկիկյանը եւ նրա կինը՝ Սոսե Թոմասյանը:
Ավտովթարի արդյունքում Ալենը եւ վարորդը զոհվել են անմիջապես, իսկ Սոսեն գանգուղեղի ծանր վնասվածք է ստացել եւ վիրահատությունից հետո գիտակցության չգալով՝ մահացել:
Ալենի եւ Սոսեի պսակադրությունը տեղի էր ունեցել անցյալ օգոստոսին, Կեչառիսի վանքում՝ Միացյալ Նահանգներից ժամանած հարազատների եւ ընկերների մասնակցությամբ: Հունվարին նրանք Լոս Անջելեսից բնակության էին տեղափոխվել Հայաստան: Ալենն աշխատում էր Հայաստանի ամերիկյան համալսարանում: Ամուսինները Հայաստանում ներգրավված էին մի շարք նախագծերում:





























