Հայաստանի կառավարության կողմից ընդունած` մինչեւ 2020 թվականը գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը ձախողման եզրին է, ավելի ճիշտ, արդեն տապալվել է: Փաստաթուղթը, որի վրա հղումը վերջին մի քանի տարիների ընթացքում գիտնականների կողմից ներկայացվող բոլոր պահանջները մերժելու հարմար ձեւ էր, սպառնում է գործող կաբինետի համար մեծ խնդիր դառնալ, եթե դրա իրագործման համար արագ միջոցներ չձեռնարկվեն: Մինչդեռ, կառավարությունն առայժմ միայն կոսմետիկ բնույթի քայլեր է ձեռնարկում, թեեւ այդ ամենը ներկայացվում է որպես մեծ առաջընթաց:
Այսպես, անցյալ ամսվա սկզբին Հայաստանի կառավարությունից «բարի լուր» ստացվեց. կառավարությունը որոշել է տրամադրել այն 100 մլն դրամը, որը նախագահը խոստացել էր «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին»: Եւս 150 մլն կտրամադրվի Գիտության պետական կոմիտեի բյուջեից:
Ընդունելով այդ «պատմական որոշումը»` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը առաջարկեց կրթության եւ գիտության նախարարությանը այս լուրը լայնորեն տարածել ԶԼՄ-ներում, որպեսզի երիտասարդ գիտնականները տեղեկանան իրենց առաջ բացվող լայն հնարավորությունների մասին:
Վարչապետը մեկ այլ նվեր եւս մատուցեց. խնայված միջոցներից 10 մլն դրամ հատկացվեց միջազգային առարկայական օլիմպիադաներում մասնակցության համար: Եվ, իհարկե, նա չմոռացավ նշել, որ «գիտության ֆինանսավորման հարցը շատ է քննարկվում, եւ, ինչպես տեսնում եք, մենք փուլ առ փուլ ավելացնում ենք ֆինանսավորումը»:
Իսկ հիմա մանրամասն անդրադառնանք «գիտության ֆինանսավորումը փուլ առ փուլ ավելացնելու» փաստին, եւ տեսնենք թե նման քայլերով 2020 թ.-ին ուր կհասնենք:
Նշեմ, որ ռազմավարության հիմնական սկզբունքն է` մինչեւ 2020 թ.-ը Հայաստանում գիտության ֆինանասավորումը դարձնել միջին եվրոպական չափանիշներին համապատասխան։ Իսկ միջին եվրոպականը հայտնի է - ՀՆԱ-ի 1.9 տոկոսը: Այսօր Հայաստանում գիտության ֆինանսավորումը կազմում է ՀՆԱ-ի 0.25 տոկոսը: Դժվար չէ հաշվել, որ եթե սրան ավելացնենք վարչապետի վերոհիշյալ «բարի լուրերը», ու եւս մի քանի հարյուր միլիոն, որոնք հնարավոր է նա դեռ կնվիրաբերի, ապա այս ցուցանիշը կաճի 5 հարյուրորդականով: Մի մոռացեք նաեւ, որ խոսքն այսօր արդեն 2014թ. բյուջեի մասին է: Իսկ մեզ պետք է 2020 թ.-ին ունենալ 1.9 թիվը: Իսկ ե՞րբ մենք նման ցուցանիշի կհասնենք, եթե տարեկան ֆինանսավորումը ավելացնենք 0.05 տոկոսով: 2020 թ.-ը հաստատ անցնում ենք:
Իհարկե, գումարները կարող են գալ ոչ միայն բյուջեից, ՀՆԱ-ի տոկոսը գոյանում է նաեւ մասնավոր ներդրումներից: Սակայն այսօր Հայաստանում գիտության մասնավոր ֆինանսավորումը չնչին մաս է կազմում, եւ շատ հնարավոր է, որ այդ չնչին մասը կաճի նույնքան դանդաղ տեմպերով, որքան բյուջեից տրվող ֆինանսավորումը: Այսինքն, 2020 թ.-ը այսպես թե այնպես անցանք:
Երբ մի քանի տարի առաջ (2010 թ.) ընդունվում էր այդ ռազմավարությունը, 2020 թ. այնքան հեռու էր թվում: Հեռու էր թվում նույնիսկ անցյալ տարի, երբ կառավարությունը մերժեց գիտության ֆինանսավորման թեկուզ ամենափոքր չափով ավելացման բոլոր առաջարկները, հայտարարելով, որ դա պետք է իրականացնել միայն մինչեւ 2020 թ.-ը: Սակայն հաշվի առնելով կառավարության վերջին քայլերը, կարելի է եզրակացնել, որ այդ ուրվականն աչքերի առաջ արդեն նշմարվել է:
Ընդ որում, պետք է հիշել, որ 2018-ը ընտրությունների տարի է, եւ եթե խնդրի լուծման ծայրը չերեւա, ապա հազիվ թե դա դրականորեն կանդրադառնա վարչապետի` առանց այն էլ գիտելիքահեն տնտեսության թեզիսով խարխլված իմիջի վրա: Եթե առաջ կառավարությունն առանց աղմուկի կարող էր անտեսել իր իսկ ընդունած փաստաթուղթը, ապա այսօր իրավիճակն էականորեն փոխվել է. գիտական հանրությունը շատ ակտիվ է, լայնորեն ինտեգրված է հասարակական գործընթացներին, եւ որ ամենակարեւորն է, տեղյակ է ոլորտին առընչվող պետական բոլոր փաստաթղթերից:
Խնդրի լուծման համար անհրաժեշտ է գոնե 2014 թ.-ից գիտության ֆինանսավորումը կրկնապատկել, եւ հետո ամեն տարի այն ավելացնել նույն գումարով. միայն այդ դեպքում իրական կլինի խնդրի լուծումը մինչեւ 2020 թ.-ը: Ես հիմա ընդամենը մաթեմատիկական խնդիր եմ լուծում: Բայց այդ թվերն իրենցից ներկայացնում են գումարներ, որոնք դեռ հայթայթել է պետք, ավելի ճիշտ, ուղղել այնտեղ, որտեղ հարկավոր է, այլ ոչ թե օֆշորներ կամ Երեւանի մայթերի վերանորոգմանը:
Եւս մեկ նկատառում, ավելի ճիշտ` պարադոքս: Հայաստանը գիտությունը հայտարարել է գերակա ոլորտ, ինչից հետեւում է, որ որպես չափանիշ պետք է ընտրվեին այն երկրները, որոնք նման կերպ են վարվել: Ամենահամապատասխան օրինակը Իսրայելն է, որտեղ գիտությանը հատկացնում են ՀՆԱ-ի 4 տոկոսը: Սա ամենահարմար օրինակն է նաեւ այն դեպքում, եթե ինչ-որ մեկը որոշի հիշեցնել, որ Հայաստանը պատերազմող երկիր է եւ նման այլ հանգամանքներ: Այն երկրներում, որտեղ գիտությունը գերակա ոլորտ է հայտարարված, մյուսներն են ձգտում, որպեսզի իրենց աշխատավարձը հավասարվի պրոֆեսորի աշխատավարձին, այլ ոչ թե պրոֆեսորներն են պայքարում, որ իրենց աշխատավարձերը հավասարվեն երկրի միջինին: Այսպիսով, կառավարության խնդիրն է նաեւ այս պարադոքսի վերացումը:
Մոռացա նշել, որ որոշակի միջոցներ կառավարությունը հատկացրել է նաեւ գիտական հեռուստահաղորդումների եւ հայրենական գիտության նվաճումների մասին պատմող հաղորդումների պատրաստման համար: Դժվար չէ կռահել, որ այն ջանքեր կգործադրի այդ հաղորդումների օգնությամբ ցանկալին իրականության տեղ ներկայացնելու համար:
Անահիտ Սարգսյան





























