«Արեւմուտքի մասին» մեզ մոտ տարածված առասպելներից է այն կարծիքը, որ զարգացած երկրներում ալկոհոլային խմիչքները բավականին թանկ արժեն՝ մեր «հասանելի» գների համեմատ: Ընդ որում, խմիչքների որակը չի քննարկվում…
Նկատենք, որ զարգացած երկրներում գները նույնը չեն, անգամ Եվրագոտում, որտեղ միասնական տարադրամ է շրջանառում: Համեմատելու համար, ներկայացնենք Գերմանիայի մայրաքաղաքի գները, որոնք մի փոքր ավելի բարձր են, քան ԵՄ մյուս երկրներում: Բեռլինյան սուպերմարկետներում թանկ խմիչքների հետ միասին առաջարկվում է լայն ընտրանի՝ սակայն բավականին մատչելի գներով:
Սկզբի համար նշենք, որ ընթացիկ տարվա հուլիսին Երեւանում հայկական գինիների միջին մանրածախ գները 0.75 լիտր տարողությամբ մեկ շշի համար տատանվում էին 3-3.3 եվրոյի սահմաններում: Բեռլինյան սուպերմարկետներում իսպանական «Herzog Alba» եւ «Cava» գինիները օգոստոսին առաջարկվում էին, համապատասխանաբար, 2.59 եւ 3.69 եվրոյով: Ինչպես տեսնում ենք տարբերությունն այնքան էլ մեծ չէ, իսկ իսպանական առաջին գինիի արժեքը ցածր է անգամ հայկական գինիների նվազագույն արժեքից:
Նույն ժամանակահատվածում բեռլինյան սուպերմարկետներից մեկում տեղական արտադրության «Spatlese», «Auslese» եւ «Rivaner Weiser Burgunder» գինիները նույն գինն են ունեցել՝ 0.75 լիտրի համար 1.89 եվրո: Մեր գների հետ տարբերությունն արդեն զգալի է…
Հանրահայտ «Riesling» սպիտակ գինու 1 լիտրանոց տարան վաճառվում է 2.59 եվրոյով, իսկ 0.75 լիտր տարողությամբը՝ 1.94 եվրոյով, ինչն էականորեն ցածր է հայկական գինիների միջին գնից:
Հաճախ մեզ մոտ հայտարարում են, որ 1000 դրամով հնարավոր չէ արտադրել որակյալ խաղողի գինի: Սակայն հենց նույն «Riesling»-ը, որն իրացվում է նույն մանրածախ 1000 դրամով, հրաշալի որակ ունի:
Հետեւաբար հաջողությունը կապված է ոչ թե գնի, այլ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման եւ արտադրության շահավետ մասշտաբների ապահովման հետ: Այլ կերպ ասած՝ ժամանակակից սարքավորումներ եւ տեխնոլոգիաներ օգտագործելով՝ արտադրել ավելի շատ, սակայն ավելի էժան գներով:
Մեկ այլ խնդիր է այն,որ մեզ մոտ ներկրվող գինիներն ու այլ ալկոհոլային խմիչքները վաճառվում են բավականին բարձր գներով: Ներկայացնենք Բեռլինում այլ երկրների արտադրանքի ցածր գների մի քանի օրինակներ:
Այնտեղ իտալական հանրահայտ «Chianti» չոր կարմիր գինու 0.75 լիտրը կարելի է ձեռք բերել 2.29 եվրոյով՝ 1200 դրամից մի փոքր ավելին: Շոտլանդական վիսկիի նույն տարողությամբ շիշը կարելի է ձեռք բերել 7.55 եվրոյով՝ 4200 դրամից մի փոքր պակաս:
Չնայած Գերմանիայում ալկոհոլի վրա ԱԱՀ-ը ամենաբարձրն է՝ 19 տոկոս, համեմատաբար ցածր սպառողական գները թույլ են տալիս պահպանել մանրածախ գների օպտիմալ մակարդակը:






























