Կալիֆորնիական Գլենդել քաղաքի իշխանությունները հերքում են անցյալ տարի ավտովթարի հետեւանքով մահացած 83-ամյա տղամարդու ընտանիքի կողմից իրենց հասցեագրված մեղադրանքները: Զոհվածի հարազատների խոսքով, փողոցի այդ հատվածը վտանգավոր է: Այդ մասին գրում է «Glendale News-Press»-ը:

Գուրգեն Անուշյանի ընտանիքի անդամները պնդում են, որ քաղաքային իշխանությունները պետք նշաններ ու լուսացույցեր տեղադրեին, որոնք վարորդներին կզգուշացնեն հետիոտների նկատմամբ ուշադիր լինել, որոնք խաչմերուկի վրա օգտվում են առանց գծանշանների անցումներից: «Քաղաքը պատասխանատվություն է կրում պարոն Անուշյանի մահվան համար, այն է՝ ճանապարհների  անփույթ նախագծում, կառուցում եւ սպասարկում»,- հայտարարել է ընտանիքի փաստաբան Ռոջեր Բուտը: Հայցի համաձայն, մահացածի ընտանիքը որպես փոխհատուցում պահանջում է 1 մլն դոլար: Քաղաքի փաստաբան Մայքլ Գարիսը հրաժարվել է բողոքի վերաբերյալ մեկնաբանություններից եւ հերքել է մեղադրանքները:

Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2012թ. դեկտեմբերի 10-ին: Անուշյանը փողոցն անցնում էր առանց գծանշանների անցումով եւ նկատել էր, որ իրեն է մոտենում մինիֆուրգոն: Նա թափահարել է ձեռքերը, որպեսզի նախազգուշացնի վարորդին: Սակայն երբ վարորդը՝ Գլենդելի բնակիչ 40-ամյա Սանա Հուսեյնը արգելակել է, արդեն բավական ուշ է եղել: Ավտոմեքենան, որով կինը Փասադենայից տեղափոխում էր իր երեք երեխաներին, հարվածել է Անուշյանին: Կինը կանգնել էր եւ սպասել ոստիկանությանը: Հուլիսին դատախազությունը Հուսեյնին ՃՏՊ հետեւանքով չկանխատեսված սպանության մեղադրանք էր ներկայացրել: Նա սեպտեմբերի 9-ին պետք է ներկայանա Գլենդելում Լոս-Անջելեսի շրջանի առաջին ատյանի գլխավոր դատարան: