«Բոքո հարամի» իսլամիստները նորից հարձակում են գործել Նիգերիայում:  Դեմբա ավանում սպանվել է 44 մարդ, հայտնում է Reuters-ը: AFP-ն հայտնում է 35 սպանվածի եւ 14 վիրավորի մասին: 

Միջադեպը տեղի է ունեցել  օգոստոսի 19-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն օգոստոսի 23-ին` բնակավայրի մեկուսացվածության պատճառով: Զինվորական համազգեստ հագած  գրոհայինները սպանել են մզկիթից դուրս եկող հավատացյալներին։ Իշխանությունները կարծում են, որ հարձակումը իսլամիստների վրեժն էր խաղաղ բնակիչներից` իրենց հետ չհամագործակցելու համար, հաղորդում է lenta.ru-ն:

Ավելի վաղ օգոստոսին «Բոքո հարամի» գրոհայինները նման գործողություն էին ձեռնարկել երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Կոնդուգա քաղաքում:  Այնտեղ նույնպես սպանվել էր մզկիթում գտնվող 44 հավատացյալ, երբ գրոհայիններն իմացել էին  քաղաքում ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների ստեղծման մասին: 

«Բոքո հարամ» խմբավորումը պայքարում է հիմնականում մահմեդականներով բնակեցված Նիգերիայի հյուսիսում շարիաթի օրենքներով պետություն ստեղծելու համար: