Մեխիկոյի ագարակներից մեկում մի քանի օր առաջ հայտնաբերված «եղբայրական գերեզմանոցում» հայտնաբերել են մայիսի 26-ին 12 կորած դեռահասներից նվազագույնը հինգին, հայտնել են Մեխիկոյի իշխանությունները։

Մեխիկոյի զբոսաշրջային կենտրոնի Heaven բարի 12 այցելուներն անհետացել էին մայիսի 26-ի առավոտյան: Նրանց մեջ կային 20 տարեկան երիտասարդներ եւ 16 տարեկան մի դեռահաս: Ըստ ականատեսի` դիմակավոր զինված անձինք ներխուժել էին բար, դուրս հանել այնտեղից 12 մարդու եւ տարել իրենց մեքենաներով:

13 դիակներով գերեզմանը ոստիկանները հայտնաբերել էին թփուտներում՝ բախվելով ցեմենտապատ  հատվածի: Անհետ կորած են համարվում 12 երիտասարդներ, դեռ հայտնի չէ, թե ում է պատկանում 13-րդ մարմինը:

Ըստ Մեխիկոյի գլխավոր դատախազ Ռոդոլֆո Ռիոսի` մասունքները խիստ աղավաղված են,  դրանց նույնականացման համար ժամանակ է պետք: Դեռեւս հաջողվել է պարզել միայն հինգ զոհերի ինքնությունը: ԴՆԹ թեստեր կանցկացվեն առաջիկայում: Ըստ ոստիկանության վարկածի` դեռահասների առեւանգումը եւ սպանությունը կապված է տեղական մաֆիայի երկու կլանների հակամարտությունների հետ, իսկ պատանիներն ու աղջիկները դարձել են «թմրապատերազմի» նոր զոհերը, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: