Ադրբեջանի Պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, շարունակում է «Բուլլա-Դենիզ» օֆֆշորային հանքավայրում տարվող հրդեհաշիջման աշխատանքները: Այս մասին հայտարարել է SOCAR-ի փոխտնօրեն Հալիգ Մամեդովը:

Հանքավայրում հրդեհը բռնկվել է օգոստոսի 17-ի կեսգիշերին՝ 5858 մետր խորությունում փորելու եւ գազի շատրվանելու արդյունքում: Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը բարձր ճնշումն է եղել, փոխանցում է Vesti.Az-ը՝ վկայակոչելով «Նովոստի-Ադրբեջանը»:

«Հրդեհը դեռեւս չեն մարել: Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Տեխնիկական աշխատանքների հիմնական մասը արդեն արվել է»,-ասել է Մամեդովը:

Վթարը չեզոքացնելու համար ստեղծվել է հանձնաժողով, որը գլխավորում է SOCAR-ի փոխտնօրեն Ռահման Գուրբանովը: Հրդեհի չեզոքացման առաջնային  ծրագիրը նախապատրաստվել է հանձնաժողովի առաջին նիստին, որին մասնակցել են ընկերության, Ադրբեջանի ԱԻՆ-ի եւ ВР-Azerbaijan ընկերության ներկայացուցիչները: Նիստի մասնակիցները միաձայն որոշում են կայացրել հրդեհաշիջման աշխատանքները տանել SOCAR-ի Անվտանգության վարչության ռազմականացված ստորաբաժանման եւ ԱԻՆ-ի համապատասխան կառույցների միջոցով:

Ավելի վաղ SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաեւը ասել է, որ հրդեհը մարելը մեծ խնդիր չի ներկայացնում: Հիմնական խնդիրը նավթահորը փրկելն է, քանի որ այն բավականին մեծ պոտենցիալ ունի:

«Բուլլա-Դենիզ» գազի հանքավայրը տեղակայված է բաց ծովում՝ Բաքվից 80 կմ հեռավորությամբ եւ 26,5 մետր խորության վրա: