«Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ, Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով հերթական դատական նիստը կայացել է այսօր` օգոստոսի 27-ին, առաջինը պաշտպանական ճառով հանդես է եկել Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Սիրունյան» իրավաբանական գրասենյակից:
Նա նշել է, որ քաղաքական մահափորձի դեպքում շարժառիթները երկուսն են՝ վրեժը կամ շահը, այս դեպքում քննությունը չի պարզել, թե Սեդրակյանի մոտիվացիան որն էր: «Պարույր Հայրիկյանի վրա կատարվել է հարձակում, փաստ է: Սակայն հարձակումը կատարվել է Պարույր Հայրիկյան քաղաքական գործչի թե՞ քաղաքացու դեմ, վիճելի է: Հարձակումը կատարվել է Հայրիկյանի սպանությա՞ն նպատակով: Վիճելի է, ապացույցներ չկան»,- ասել է փաստաբանը: Նա նշել է, որ մեղադրանքը հիմնված է ենթադրությունների վրա. «միայն այն, որ Հայրիկյանի նախագահի թեկնածու է, դեռ չի նշանակում որ հարձակումը տեղի է ունեցել քաղաքական դրդապատճառներով»:
«Որեւէ մեկի մոտ զարմանք չի՞ առաջացնում, որ Պողոսյանն ու Հայրիկյանը նույն դեպքի մասին պատմում են երկու տարբեր պատմություն, իսկ քննչական փորձաքննություն այդպես էլ չարվեց: Մեղադրողը ենթադրություններ անելու իրավունք ունի, դատարանը չունի: Մեղադրողի տրամաբանությունը մեզ համար անհասկանալի է եւ անհասկանալի է նաեւ դահլիճում գտնվող յուրաքանչյուրի համար», - հայտարարել է Սիրունյանը:
Փաստաբանը տարակուսանք է հայտնել, թե ինչու հաշվի չի առնվում վախեցնելու վարկածը, ինչի մասին ի դեպ հայտարարել են ամբաստանյալներից երկուսն էլ՝ իրենց տված ցուցմունքներում: «Տուժող կողմի տրամաբանությունը մեզ հասկանալի է, առանց սարկազմի: Ըստ Պարույր Հայրիկյանի, նրան տարիներ շարունակ ուզեցել են սպանել, այս անգամ էլ են ուզել սպանել: Բայց վախեցնելու վարկածը, կներեք, տուժող կողմի տրամաբանության մեջ չի տեղավորվում: Ուզում էր սպանել, եւ վերջ: ...»:
Նա նաեւ ասել է, որ օրենքով չկա պատվիրատու հասկացություն, կա հանցակից՝ կատարող, կատարմանը անմիջապես մասնակցող, կազմակերպիչ, ով կազմակերպել է, դրդիչ, ով դրդել է հանցանք կատարելու, օժանդակող, ով օժանդակել է խորհուրդներով, միջոցներ տրամադրելով եւ այլն: «Հիմի ո՞վ է Սեդրակյանը՝ օժանդակող՞ղ, դրդի՞չ, կազմակերպո՞ղ...: Նույնիսկ ըստ պաշտոնական մեղադրանքի, Սեդրակյանը գաղափար է առաջարկել սպանել Հայրիկյանին, իսկ բուն գործողությունը կազմակերպել է Սամվել Հարությունյանը..»,- ասել է Սիրունյանը: Նա շեշտել է, որ գործում չկա նման ապացույց, թե Վարդան Սեդրակյանը պատվիրել է Հայրիկյանին սպանել, վախեցնելու մասով էլ կան հակասական ապացույցներ, հետեւաբար` դատարանից խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին: Միջնորդությանը միացել է նաեւ Վարդան Սեդրակյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ, հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Դրանից հետո նա տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, վիրահատվել այնտեղ, իսկ վերջերս այնտեղից տեղափոխվել է Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է 12-20 տարվա ազատազրկում կամ ցմահ դատապարտում):
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում, փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել էին երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել, սակայն մինչ օրս հայտնի չեն նման քայլի դրդապատճառները: Ավելի ուշ նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանն է կալանավորվել, նա մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար:
Ավելի ուշ կալանավորվել էր նաեւ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը, ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր մտերիմներ Սամվել Հարությունյանին եւ Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը՝ նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով:




























