Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները հատուկ գործողության արդյունքում ձերբակալել են կրոնական խմբավորման ութ անդամների, ովքեր պատրաստվում էին զանգվածային ահաբեկչական գործողություններ իրականացնել երկրում։ Ինչպես «Ինտերֆաքսին» հայտնել են ադրբեջանական իրավապահ մարմիններից, ծայրահեղականների խմբում կան Ռուսաստանի քաղաքացիներ. նրանք բոլորը Դաղստանի եւ Չեչնիայի բնակիչներ են։ Նախաքննության արդյունքում պարզ է դարձել, որ կասկածյալները ահաբեկչությունների շարք էին պատրաստում Բաքվում։ Ինչպես պարզվել է, այդ նպատակով հանցագործները Ադրբեջան մեծ քանակությամբ զինամթերք են տեղափոխել։
Համաձայն ադրբեջանական АПА լրատվական գործակալության հաղորդագրության՝ խմբի անդամներից մեկը ձերբակալվել է այն պահին, երբ փորձում էր զենք տեղափոխել Վրաստանից։ Ձերբակալվածի մոտ մեծ քանակությամբ զենք եւ թմրանյութեր են հայտնաբերվել։
Խմբի մյուս անդամներին գտնելու եւ ձերբակալելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Վերջին տվյալներով, Բաքվում այս փաստի առնչությամբ պաշտոնական հաղորդագրություն է պատրաստվում։ Ռուսաստանից Ադրբեջան մուտք գործելու փորձ արած նմանօրինակ զինված խմբավորման մասին հայտնվել էր նաեւ անցած ամռանը։ Այդ ժամանակ Ռուսաստանի եւ Ադրբեջանի սահմանին ադրբեջանցի սահմանապահների եւ զինյալների միջեւ փոխհրաձգություն էր սկսվել։



























