Հայաստանի նախկին ոստիկանապետ, այժմ ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը հերքում է լրատվամիջոցների այն տեղեկությունները, թե Արարատի կադաստրի նախկին պետ Վահրամ Հովհաննիսյանը իր եղբայրն է եւ նա աչք ունի Արարատի քաղաքապետի պաշտոնի վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ալիկ Սարգսյանը:
«Կադաստրի նախկին պետ Վահրամ Հովհաննիսյան եղբայր ես չեմ ունեցել, դա մի քանի մարդկանց հերթական ֆանտազիան է, ազգակցական կապ էլ չունեմ իր հետ»,-ասաց նախկին ոստիկանապետը` հավելելով, որ ճանաչում է Վահրամ Հովհաննիսյանին, նա արտաշատցի է, Արարատում երբեք գրանցված չի եղել, այնտեղ չի ապրել եւ նախկին քաղաքապետ Աբրահամ Բաբայանի հետ մոտ ընկերներ են եղել, այնպես որ նա հավակնություն էլ չի ունենա քաղաքապետ դառնալու:
Իսկ թե ում է տեսնում նախկին ոստիկանապետը Արարատի քաղաքապետի պաշտոնին, Ալիկ Սարգսյանը նշեց, որ դժվար է ասել, վաղուց կտրվել է այդ ամենից, եւ ամենաճիշտ որոշումը կկայացնի ժողովուրդը, իր ուզելը քիչ է եւ չնչին: «Ես ընդհանրապես չեմ մասնակցելու, ի՞նչ կապ ունեմ Արարատի հետ, Արարատ քաղաքը շատ սիրում եմ, ժողովրդին շատ հարգում եմ,Արարատի պատվավոր քաղաքացի եմ, բայց ընտրություններին չեմ մասնակցելու, ժողովրդի իրավունքն է, թող ժողովուրդը իր համար քաղաքապետ ընտրի, Արարատում բարեկամ էլ չունեմ, ազգական էլ չունեմ, իմ եղբայրները բոլորը Արտաշատում են, Արտաշատի գրանցում ունեն, որեւիցե հավակնություն չկա, որեւիցե տրամաբանությոն չկա, բացի հերյուրանքից եւ զառանցանքից»,- ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոնում օգոստոսի 15-ին, առավոտյան 10.00-ի սահմաններում, մահացել է Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը: «Միքայելյան» վիրահատվել վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ վերջինս իրենց մոտ ընդունվել է օգոստոսի 5-ին, նրա մոտ առկա էր գլխուղեղի ուռուցք, ինչի կապակցությամբ օգոստոսի 9-ին վիրահատել են: «Բավականին բարդացած էր, վիճակը ծանր էր, կարծեմ` երկրորդ, թե երրորդ անգամն էր վիրահատվում, դրանից առաջ էլ Գերմանիայում էր եղել, վիրահատություն էր տարել: Վիրահատեությունից հետո տեսել եմ, ծանր վիճակում, չէր խոսում, գիտակցության էլեմենտներ կային, բայց, դժբախտաբար, բարդություններ են առաջացել, մահացել է»,- ասել է Օնիկ Մելքոնյանը` հավելելով, որ փորձաքննությունը կպարզի, թե հատկապես ինչն է հանգեցրել մահվան: Աբրահամ Բաբայանի մահվանից հետո քաղաքապետի թեկնածուների մի շարք անուններ են շրջանառվում, օրինակ` Հովիկ Աբրահամյանի որդի, Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյան, Արարատի կադաստրի նախկին պետ Վահրամ Հովհաննիսյանը եւ այլն:





























