Սեպտեմբերի 1-ին, ժամը 14:00-ին, «Ծածկած շուկայի» մոտ սկսվել է շուկայի վերակառուցման դեմ ակտիվիստների բողոքի հերթական ակցիան: Ինչպես տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը, այսօր շուկայի մոտ հավաքվածների թիվը երեկվանից ավելի մեծ է:

Դեռ ժամը 13-ից շուկայի մոտ հավաքվել են կանայք, ովքեր ներկայանում են որպես շուկայի նախկին աշխատակիցներ եւ հանդես են գալիս շուկայի կառուցապատող Սամվել Ալեքսանյանի պաշտպանությամբ: Նրանց գործողությունները համակարգում են մի խումբ տղամարդիկ: NEWS.am-ի թղթակիցը լսել է խոսակցություն տղամարդկանցից մեկի եւ մի կնոջ միջեւ, որը նախորդ օրը ակտիվիստների հետ բախումներ սադրող գլխավոր անձանցից էր: Կնոջ հարցին, թե «Ովքեր են էս նոր կանայք», տղամարդը պատասխանել է. «Մերոնքական են, եկել են մեզ օգնեն»: Այս պահին բոլոր այդ կանայք «Ծածկած շուկայի» մոտ հրմշտոց են սկսել ակտիվիստների հետ եւ ներկայանում են որպես «Ծածկած շուկայի» նախկին աշխատողներ:

Ակցիայի մեկնարկից մոտ տասը րոպե անց իրավիճակն արդեն դուրս էր եկել վերահսկողությունից: Ակտիվիստները հանդես են եկել ոստիկաններին ուղղված հայտարարությամբ: Նրանք հայտարարել են, որ Սամվել Ալեքսանյանին սատարող կանայք հարձակվել են անչափահասի վրա: Ոստիկաններին նրանք հիշեցրել են, որ նրանց պարտքն իրենց անվտանգությունը պաշտպանելն է եւ եթե չեն կարողանում ապահովել դա, ուրեմն պարտավոր են նոր ուժեր կանչել: Նշենք, որ ոստիկանների թիվն այսօր Ծածկած շուկայի մոտ երեկվա համեմատ ավելի փոքր էր: Մոտ 14:30-ին «Ծածկած շուկայի» տարածք են ժամանել ոստիկանական նոր ուժեր: