«Ծածկած շուկայի» շինարարությունը դադարեցնելու պահանջով շուկայի մոտ բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստների դեմ նախորդ օրվա նման, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, շուկայի մոտ հավաքվել էին գոռգոռացող ու բախումներ սադրող մի խումբ կանայք, ընդ որում, նրանց թիվն այսօր ավելի մեծ էր:

Դեռ կեսօրից մի խումբ տղամարդկանց ուղեկցությամբ կանայք ժամանեցին շուկայի տարածք եւ պարբերաբար հրահանգներ էին ստանում տղամարդկանցից՝ ինչպես եւ ինչ անել: Երբ տեղ հասան ակտիվիստները, «Ծածկած շուկայի» նախկին աշխատողներ ներկայացող կանայք միանգամից հարձակվեցին նրանց վրա, եւ միայն ոստիկանության միջամտությամբ հնարավոր եղավ կանխել բախումը: Ոստիկանները պատ կազմեցին երկու կողմերի միջեւ: Պատի մի կողմում հայտնված՝ Սամվել Ալեքսանյանի պաշտպանների շարքերում վիճաբանություն սկսվեց: Որոշ կանայք թերանում էին իրենց «գործում»: 

-      Ի՞նչ եք կանգնել, գնացեք գոռգոռացեք, մազերը պռճկեք: Է՞ս ա ձեր պայքարը:

-       Պահանջում եմ էլի, հո չեմ գնալու, գլուխները ջարդեմ:

-      Չեմ ասում՝ ջարդի, բայց գոնե գոռա:

Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները ակտիվիստներին կոչ էին անում հեռանալ՝ նրանց անվանելով «աբիժնիկներ, բոմժեր» եւ հայհոյում նրանց: Ակտիվիստները նրանց լռեցնելու համար երգում էին Հայաստանի Հանրապետության օրհներգը, հայրենասիրական երգեր:

Ժամը 16:00-ի մոտ ակտիվիստները հեռացան՝ հայտարարելով, որ վաղը, սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13:00-ին վերադառնալու են: Սամվել Ալեքսանյանի պաշտպանները սա համարեցին իրենց հաղթանակը եւ սկսեցին վանկարկել՝ «Հաղթեցինք, հաղթեցինք»: