Կրոնական կազմակերպությունները պետք է Հայաստանում քարոզչություն իրականացնելու հնարավորություն ունենան: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը՝ «Կրոնի ազատությունը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ եւ երաշխիքներ» թեմայով հանդիպման ընթացքում: Հանդիպումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում:
«Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահությունը կարեւոր է երկրի համար: Կարեւոր է նաեւ, որ Հայաստանն ուշադրություն է դարձնում կրոնի ազատության հարցին: Հայաստանը ստորագրել է մի շարք միջազգային կոնվենցիաներ, ինչի արդյունքում իր վրա որոշակի պարտավորություններ է վերցրել: Ինչ վերաբերում է դավանանքի ազատության վերաբերյալ միջազգային զեկույցին, ապա Հայաստանի հասցեին կա ինչպես քննադատություն, այնպես էլ դրվատանք: Մենք ընդունում ենք երկրում Հայ առաքելական եկեղեցու հատուկ կարգավիճակը, սակայն որոշ ասպեկտներում բարեփոխումների անհրաժեշտություն կա»,-հայտարարել է դեսպանը:
Պատասխանելով այն հարցին, թե Հայաստանում կոնկրետ ի՞նչ սպառնալիքներ կան կրոնական փոքրամասնությունների համար, Հեֆերնն ընդգծել է, որ այդ խնդիրների մասին ասված է զեկույցում. «Կրոնական կազմակերպությունները պետք է քարոզչություն իրականացնելու հնարավորություն ունենան: Բացի այդ, երկրում բազմաթիվ այլ խնդիրներ կան՝ կապված կրոնների հետ»:
Այն դիտարկմանը, որ Հայաստանում հանդուրժողական վերաբերմունք կա ավանդական կրոնների նկատմամբ, եւ անբարյացկամություն՝ աղանդների, իսկ ԱՄՆ-ն հետաքրքրված է այդ կազմակերպություններով, քանի որ ինքն է ապահովում դրանց ֆինանսավորումը, Հեֆերնը պատասխանել է. «Մեր քաղաքականությունն ու կրոնների ազատության մասին զեկույցը հիմնվում են միջազգային ստանդարտների վրա, որոնք Հայաստանն ընդունել է: Նմանատիպ զեկույցներում փորձում ենք հավասարակշռված լինել, գովաբանել այն ոլորտները, որոնք ապահովում են միջազգային ստանդարտները եւ նշել նրանք, որտեղ բարեփոխումներ են անհրաժեշտ»:





























