Փակ շուկայի խնդրով արդեն պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, այլ ոչ թե` նախարարություններն ու քաղաքապետարանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:
«Այլեւս ակնհայտ է, որ Փակ շուկայում իրականացված շինարարությունն ապօրինի է, ինչը հաստատող հայտարարություններով բազմիցս հանդես են եկել ՀՀ քաղաքաշինության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչները:
Վերջին գրությամբ Երեւանի քաղաքապետարանը, որն, ի դեպ, պատասխանատու է Երեւանում ապօրինի շինությունների ապամոնտաժման համար, հայտնել էր, որ «Երեւանի թիվ 1 շուկա» ՍՊԸ-ի տնօրենը տեղեկացվել է Մաշտոցի պողոտայի 5 հասցեում գտնվող շուկայի տարածքում ապօրինությունները վերացնելու եւ դրանից հետո միայն քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան կառուցապատումը շարունակելու անհրաժեշտության մասին: Սակայն, ինչպես տեսնում ենք, քաղաքապետարանի պահանջը մինչ այսօր ոչ միայն չի կատարվել, այլեւ ավարտվել է Ծածկած շուկայի տարածքում ապօրինի կառույցների իրականացումը:
Այս առումով անհասկանալի է իրավապահ մարմինների եւ առաջին հերթին` ՀՀ ոստիկանության դիրքորոշումը: ՀՀ քրեական օրենսգրքով պատասխանատվություն է նախատեսված ինչպես ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից կրկնակի վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո ապօրինի շինության կառուցումը չդադարեցնելու համար, այնպես էլ պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու միջոցներ չձեռնարկելու համար: Իրավապահ մարմինների կողմից մերժվել է քրեական գործի հարուցումը թե´ վերը նշված, եւ թե´ պատմության եւ մշակույթի հուշարձանները ոչնչացնելու կամ վնասելու հանցագործությունների դեպքերի կապակցությամբ, սակայն այդ որոշումների հիմնավորվածությունը վիճարկվելու է նաեւ դատարանում:
Մարդու իրավունքների պաշտպանն ակնկալում է նախ` դատարանի կողմից քրեական գործերի հարուցումը մերժելու մասին որոշումների հիմնավորվածության մանրակրկիտ եւ անկողմնակալ ստուգում, երկրորդ` այս օրերին հուշարձանի մոտ իրականացվող բողոքի ակցիայի մասնակիցների բոլոր իրավունքների եւ օրինական շահերի, այդ թվում` անձնական անվտանգության եւ անձեռնմխելիության պաշտպանություն ոստիկանության կողմից:
Կատարված ապօրինությունների համար, ի վերջո, պետք է իրագործվի պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը, առավել եւս, երբ խոսքը վերաբերում է պետության հատուկ պահպանության ներքո գտնվող պատմամշակութային հուշարձանին»,-ասված է ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























