Կարմիր խաչի միջազգային կազմակերպության Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները այցելել են գերեվարված զինվոր Հակոբ Ինջիղուլյանին:
Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովն ընդգծել է, որ այցը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ին: Գերին եւ իր ընտանիքը տեղեկություններ են փոխանակել, հաղորդում է ԱՊԱ-ն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Մեկ օր անց նրան Բաքու են տարել: ԿԽՄԿ ներկայացուցիչներն Ինջիղուլյանին հանդիպել են միայն 12 օր հետո:





























