Մոսկվայի քաղաքային դատարանը կալանավորել է  լրագրողուհի Աննա Պոլիտկովսկայայի սպանության գործով անցնող երկու անձանց՝ եղբայրներ Ջաբրաիլ եւ Իբրահիմ Մահմուդովներին:

Մահմուդովները ստորագրությամբ ազատ էին արձակվել այն բանից հետո, երբ 2009-ին դատարանը արդարացրեց նրանց: Դատախազության տեղեկատվությամբ, վերջերս եղբայրները խախտել են ազատ արձակման պայմանները, նրանք այցելել են Տուլայի մարզ, Չեչնիա եւ Հյուսիսային Օսիան: Հենց այդ պատճառով էլ դատախազը միջնորդել է նորից կալանավորել նրանց եւ դատարանը բավարարել է միջնորդությունը:

«Նովայա գազետա» թերթի տեսաբան Աննա  Պոլիտկովսկայան սպանվել է 2006թ. հոկտեմբերի 7-ին Մոսկվայի Լեսնայա փողոցի շենքերից մեկի շքամուտքում` տուն վերադառնալիս: Վարձու մարդասպանը հինգ անգամ կրակել է լրագրողի վրա: Սպանության հիմնական դրդապատճառը, ըստ հետաքննության, զոհվածի մասնագիտությունն է եղել: