Ամերիկյան հեռահաղորդակցման Verizon ընկերությունը հաստատել է բրիտանական  Vodafone ընկերության բաժնեմասը գնելու մասին լուրը` իրենց համատեղ Verizon Wireless ձեռնարկությունում: Բաժնեմասը կազմում է 45%: Գործարքի արժեքը կկազմի  130 միլիարդ դոլար:

Verizon-ը Vodafone –ին կվճարի 58,9 միլիարդ դոլար կանխիկ եւ 60,2 միլիարդ դոլար` արժեթղթերով:  Եվս 11 միլիարդ դոլար կվճարի այլ միջոցներով` 5 միլիարդ  դոլար կվճարվի  պարտքային պարտավորությունների տեսքով: Բացի դրանից, Verizon-ը Vodafone-ինկվերադարձնի Իտալիայում իր ստորաբաժանման 3,5 միլիարդ դոլար արժողությամբ բաժնետոմսերի փաթեթը:

Ստացված միջոցներից 84 միլիարդ դոլարը Vodafone-ը կվճարի իր բաժնետերերին, հաղորդում է rbc-ն` վկայակոչելով Associated Press-ը:

Verizon Wireless-ն ԱՄՆ-ում բջջային կապի բաժանորդների քանակով առաջատար օպերատոր է, 2000թ. ապրիլին իր հիմնադրումից ի վեր այն պատկանել է ամերիկյան Verizon Communications-ին (55% բաժնետոմս) եւ բրիտանական Vodafone Group-ին (45% բաժնետոմս): Այժմ գլխավոր բաժնետերը վճռել է դառնալ ցանցի լիիրավ սեփականատերը, որին միացված են ավելի քան 100 միլիոն բջջային օգտվողներ:

Vodafone Group Plc. – ը տրանսազգային հեռահաղորդակցման ընկերություն է, որի գլխավոր գրասենյակը Մեծ Բրիտանիայում է: Ներկայումս Vodafone-ի բաժանորդների թիվը գերազանցում է 403 միլիոնը:

Verizon Communications-ը ստեղծվել է 2000թ.` Bell Atlantic- ի եւ GTE-ի միաձուլման արդյունքում: Այն ԱՄՆ-ում հեռահաղորդակցման երկրորդ խոշոր ընկերությունն է AT&T-ից հետո: