Տարոն Մարգարյանը հանձնարարել է, որպեսզի «Երեւանյան ամառ» ծրագրի շրջանակում թանգարաններ անվճար այցելության համար տրամադրված, սակայն չօգտագործված տոմսերով հնարավոր լինի մինչեւ սեպտեմբերի 10-ը այցելել թանգարաններ:

«Երեւանյան ամառ» ծրագիրը մայրաքաղաքում անցկացվեց առաջին անգամ, սակայն պետք է դառնա ավանդական եւ լինի առավել ընդգրկուն ու հագեցած տարբեր միջոցառումներով: Այդ ուղղությամբ արդեն իսկ պետք է մշակել համապատասխան ծրագիր եւ ներկայացնել առաջարկներ»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Ավելի մաքուր Երեւան» ծրագրի շրջանակում իրականացված սանիտարական մաքրման աշխատանքների հետ կապված՝ կոմունալ տնտեսության վարչության պետը  զեկուցել է, որ ծրագիրն ամփոփվել է Արաբկիր վարչական շրջանի 2 զբոսայգիներում կազմակերպված աշխատանքներով: Իր գոհունակությունը հայտնելով ծրագրի արդյունավետ իրականացման համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ծրագրին ներգրավված բոլոր կառույցներին եւ կամավորներին ակտիվ մասնակցության համար:

Անդրադառնալով «Արի տուն»  ծրագրի շրջանակում Երեւանի քաղաքապետարանի կողմից ձեռնարկված աշխատանքներին զեկուցվել է, որ ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից Դավթաշեն, Աջափնյակ եւ Շենգավիթ վարչական շրջանները ճանաչվել են «Լավագույն վարչական շրջաններ», իսկ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակվող Ալոյանների ընտանիքն էլ, որը հյուրընկալել է 5 սփյուռքահայ երեխաների, որպես «Լավագույն հյուրընկալ ընտանիք»: