Հայաստանի իշխանությունները քաջ գիտակցում են՝ այսօրվա քաղաքական որոշումներով է պայմանավորված, թե 100 տարի հետո ինչպիսի Հայաստան ենք ունենալու:  Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող եւ ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հյուրի խնդրանքով արդարադատության նախարարը հակիրճ ներկայացրել է արդարադատության ոլորտում առկա խնդիրներն ու 2012-2016 թվականների իրավական-դատական բարեփոխումների ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքը:

«Առանց արդարադատության մակարդակի զարգացման հնարավոր չէ լուրջ հաջողությունների հասնել»,-ասել է նախարար Թովմասյանը՝ հավելելով, որ բարեփոխումների ընդգրկուն ծրագիրը միտված է ոլորտում առկա խնդիրները լուծելուն եւ արդարադատության մակարդակը Հայաստանում պատշաճ մակարդակի հասցնելուն:

Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, շնորհակալություն է հայտնել բարեփոխումների վերաբերյալ ներկայացված պարզաբանումների համար՝ նշելով, որ, իսկապես, արդարադատությունը յուրաքանչյուր հասարակության անկյունաքարն է, եւ ողջունելի են արդարադատության նախարարի շեշտադրումները ոլորտի բարեփոխումների վերաբերյալ: Միեւնույն ժամանակ ՄԱԿ-ի ներկայացուցիչը վստահեցրել է, որ իր առաքելության ընթացքում կընդլայնվեն համագործակցության շրջանակները:  

Բարձր գնահատելով ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությունը նախարար Հրայր Թովմասյանը հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին այն զարգացնելու նոր հնարավորություններ կստեղծվեն: