Ամերիկյան սենատոր Ջոն Մաքքեյնը Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի Սիրիայի հարցով լսումների ժամանակ իր iPhone-ով պոկեր էր խաղում։
Washington Post-ը հրապարակել է խաղով տարված սենատորի լուսանկարը` հետեւյալ մակագրությամբ. «Սենատոր Մաքքեյնն իր iPhone-ով պոկեր է խաղում` Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ, որտեղ պետքարտուղար Քերրին, պաշտպանության նախարար Հեյգելը եւ Զինված ուժերի շտաբի ղեկավարների կոմիտեի նախագահ Դեմփսին ելույթ են ունենում Սիրիայի դեմ ուժ կիրառելու հարցով», հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Լուսանկարոմ երեւում են միայն խաղացողի ձեռքերը, սակայն լուսակարի հրապարակվելուց անմիջապես հետո Մաքքեյնը իր Twitter-ում խոստովանել է «Սկանդալ: Բռնվել եմ Սենատում երեք ժամ տեւած նիստի ժամանակ իմ iPhone-ով խաղալիս»: «Ամենից վատն այն է, որ ես պարտվեցի», - հավելել է հանրապետական սենատորը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ Մաքքեյնը հայտնել էր, որ եթե ԱՄՆ-ի Կոնգրեսը հրաժարվի նախագահ Բարաք Օբամայի` Սիրիայի դեմ ռազմական գործողության մասին որոշմանն աջակցելուց, դա Վաշինգտոնի համար աղետ կլինի: Ըստ սենատորի` Սիրիայում սահմանափակ ռազմական գործողությունը բավական չէ իրադրության փոփոխության համար: Նա առաջարկել է ոչնչացնել Սիրիայի կառավարական ուժերի ռազմական ենթակառույցը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Սենատի արտաքին գործերի հանձնաժողովը Սիրիայի հարցով բանաձեւ է պատրաստել, որում առաջարկվում է Սիրիայի դեմ ռազմական գործողությունը սահմանափակել 60 օրով` մեկ ամսվա երկարացման հնարավորությամբ, ինչպես նաեւ արգելվում է ցամաքային գործողոթյուն իրականացնել:
ԱՄՆ-ի Սենատի հանձնաժողովն Օբամային 60 օր ժամանակ է տվել` Սիրիայի դեմ գործողության համար





























