Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված Սեւանի հիմնախնդիրներին:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը եւ Նախագահի աշխատակազմի համապատասխան պաշտոնյաներ:
Քննարկվել են Սեւանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիաների վերականգնման եւ լճի հիմնախնդիրներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Սեւանի ցանցավանդակային տնտեսությունում Սեւանի էնդեմիկ ձկնատեսակների աճեցման փորձնական ծրագրի նախնական արդյունքներին: Քննարկվել են Սեւանի էնդեմիկ ձկնատեսակների վերականգնման համալիր ծրագրի հիմնական դրույթներն ու ուղղությունները, ինչպես նաեւ իրականացման մեխանիզմները, որոնք զգալիորեն կնպաստեն լճի պաշարների համալրմանն ու բնական վերարտադրության պայմանների բարելավմանը:
Նախագահը Սեւանա լճի համար կարեւորագույն վերոնշյալ խնդիրների լուծման հետ միաժամանակ, ծրագրի իրագործման դեպքում, կարեւորել է նաեւ տարածքային համաչափ զարգացման համատեքստում Գեղարքունիքի մարզում բազմաթիվ նոր աշխատատեղերի ստեղծումն ու տնտեսության զարգացմանը խթանելը:





























