Բնապահպանական կազմակերպությունները բաց նամակով դիմել են բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել՝ Գոշ լիճը ճահճացումից փրկելու համար:

Բաց նամակում ասվում է.

«Այս տարվա օգոստոսի 27-ին «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ անդամները ճանաչողական նպատակով այցելել են «Դիլիջան» ազգային պարկ (E9` Գոշավանք – Գոշ լիճ երթուղով հասնելով Գոշ լիճ): Այցելության ընթացքում զրուցելով տեղի բնակչության հետ՝ ինչպես նաեւ մեր դիտարկումների միջոցով, նկատել ենք, որ Գոշ լճում տեղի են ունենում ճահճացման գործընթացներ: Լիճը հանդիսանում է ազգային պարկի էկոտուրիստական կարեւորագույն երթուղիներից մեկը: Ցանկանում ենք նշել նաեւ, որ ճահճացման հետ մեկտեղ կենցաղային աղբի կույտերի սրընթաց ավելացումը շուտով բերելու է այդ գեղատեսիլ էկոերթուղու հանդեպ զբոսաշրջիկների հետաքրքրության անկմանը:

Դիմում ենք Ձեզ՝ Գոշ լիճը ճահճացումից փրկելու նպատակով անհապաղ միջոցներ ձեռնարկելու առաջարկով: Խնդրում ենք տրամադրել տեղեկություն նախատեսվող գործողությունների (եթե այդպիսիք նախատեսված են), դրանց ժամանակետների վերաբերյալ:

Առաջարկում ենք.

ա/ Կազմակերպել քննարկում հիդրոկենսաբանների, բնապահպանների եւ հասարակական սեկտորի մասնակցությամբ՝ մաքրման աշխատանքների անհրաժեշտությունը պարզելու, արդյունավետ նախագծելու եւ լճի էկոհամակարգին չվնասելու նպատակով:

բ/ Կազմակերպել լճի եւ շրջակա տարածքի մաքրման աշխատանքներ եւ տեղադրել աղբամաններ:

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը վերոհիշյալ խնդրի լուծմանն առնչվող միջոցառումներին մասնակցելու մասին:

Հարգանքով՝

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Նամակին միացել են՝

Դիլիջանի Օրհուս կենտրոնը

Էկոլոգիական հասարակական դաշինքը

Համահայկական բնապահպանական ճակատը