Հայրենադարձներին շատ անգամ սեփական երկրում արդյունավետ հարմարվելուն խանգարում  է մայրենի լեզվի ոչ բավարար իմացությունը, սոցիալ մշակութային իրողությունների չիմացությունը, կենսապայմանների փոփոխությունները եւ արտասահմանում մնացած սոցիալական կապերի կորուստը ծնում է սոցիալական մեկուսացում: Այս մասին, Երեւանի պետական մանկավարժական համալսարանում այսօր՝ սեպտեմբերի 4-ին մեկնարկած «Լեզուն, կրթությունը եւ ընտանիքը հայրենադարձության գործընթացում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովում հայտարարել է ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: Նրա խոսքով՝ արտագաղթի խնդիրը գտնվում է  հանրության ուշադրության կենտրոնում եւ անհանգստացնում է հասարակության ամենալայն շրջանակներին:

«Այդ իսկ պատճառով Մանկավարժական համալսարանում «Ավո Հայմատգարտեն» /AWO Heimatgarten/ բարեգործական կազմակերպության եւ բուհի նախաձեռնությամբ արդեն մեկ տարի է գործում է ադապտացիոն կենտրոն, որն իրականացնում է «Վերաինտեգրացիայի կենտրոն-Հայաստան» /RECEA/ ծրագիրը»,-ասել է նա:

ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ նկատել է, որ գիտաժողովի խնդրահարույց թեմաներով հարցադրումները նախարարության ուշադրության առանցքում են: Խոսելով հայրենադարձ երեխաների խնդիրների մասին՝ նախարարը կենտրոնացավ հայրենիքում  նրանց կրթության կազմակերպման եւ կրթական կարիքների բավարարման հիմնախնդիրների ու մայրենիի ոչ բավարար իմացության վրա: «Ավանդական եւ նորագույն ժամանակներում ձեւավորված  սփյուռքի կրթական  կարիքները տարբեր են: Խնդրի լուծումը մեկ գործընթացով չի կարող տրվել.  պետք է ստեղծել ճկուն ու բազմազան այնպիսի  համակարգ, որ  յուրաքանչյուր հայրենադարձ  Հայաստանում կրթությունը մատչելիորեն շարունակելու հեռանկար եւ  հնարավորություն տեսնի»,- ասել է նախարարը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանն էլ նկատել է, որ դեռեւս  2000 թվականից միգրացիոն հոսքերի խճապատկերում նկատվում է շատ թույլ արտահայտված Հայաստան վերադարձողների հոսք. «Վերադարձից հետո շատ կարեւոր է հայրենիքում անձանց ռեինտեգրացիան, եւ այս հարցի լուծմամբ է պայմանավորված, թե այդ անձը կշարունակի մնալ Հայաստանում, թե կրկին կմեկնի: Մի քանի տարի ապրելով հայրենիքից դուրս՝ մարդն իրեն փոփոխված է զգում բոլոր ոլորտներում»,-ասել է Գագիկ Եգանյանը: Նա անդրադարձավ նաեւ միգրացիայի ոլորտի կառավարման ծրագրով նախատեսված մի շարք գործողությունների, որոնք նախատեված են իրականացնել 2012-2016 թվականների ընթացքում:

«Ուղեղների արտահոսքը» Հայաստանից որեւէ մեկի շահերից չի բխում. այն  խաթարում է միջազգային համայնքի հետ համագործակցությունը»,- գիտաժողովի ընթացքում հայտարարեց Հայաստանում  DAAD-ի՝ Ակադեմիական փոխանակումների  ծառայության  ղեկավար Թինա Լաուֆերը, նշելով, որ DAAD-ն`որպես կրթական կազմակերպություն, համագործակցում է  միջազգային բազմաթիվ կառույցների հետ եւ պայքարում արթագաղթի դեմ. «Մենք փորձում ենք ստեղծել մի ընդհանուր միջավայր, որն աջակցում է ուսանողների` երկկողմանի համագործակցությանը»:  Թինա Լաուֆերը վստահ է, որ արտագաղթի դեմ պայքարը հնարավոր է իրականացնել  միայն այլ երկրների  աջակցության եւ համագործակցության շնորհիվ:

Երկօրյա գիտաժողովի ընթացքում Գերմանիայից, Բուլղարիայից, Լեհաստանից եւ Ռուսաստանից ժամանած մասնակիցներն իրենց զեկույցներում կանդրադառնան աշխարհի մի շարք երկրներում  հայ միգրանտների հայրենադարձության հիմնախնդրին: