Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու հարցը պետք է լուծվի հանրքվեով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով ներկայումս գտնվում է Լեհաստանում:
Նա, մասնավորապես, գրել է.
«Կրիննիցայում եմ, Լեհաստանում։ Մասնակցում եմ տնտեսական ֆորումի աշխատանքին։ Աշխարհի մոտ 50 երկրներից 2700 մարդ է մասնակցում։ Հիմնական թեմաներից մեկն էլ արեւելյան գործընկերությունն է, 2 զեկուցում ունեմ։ Առավոտ է, 4-ը սեպտեմբերի 2013թ։ Այս պահին հարյուրավոր հարցապնդումներ եմ ստանում եվրոպացիներից ու բազմաթիվ զանգեր Հայաստանից՝ մեր երկրի մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ։
Այստեղ եւս հայաստանցիները (Ա. Մկրտչյան եւ մյուսներ) բացատրություններ են խնդրում։ Հայաստանի լրագրողներին, մինչեւ վերադառնալս, ընդհանուր ձեւով պատասխանում եմ։ Ես պնդում եմ, որ նման հարցերը (մաքսային միություն, թե ասոցացման համաձայնագիր) պետք է լուծել հանրաքվեի միջոցով։ Այս տարվա նախագահական ընտրություններին միակն եմ եղել, որ կոչ եմ արել այդ մոտեցման օգտին։ Մի լուծեք այդ հարցերը միանձնորեն։ Կա ժողովուրդ։ Ինչպես քվեարկեց, այդպես էլ կլինի։ Այլապես կամ վատ է լինելու կամ էլ խայտառակվելու ենք։
Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, Կենտրոնով ցույց են տվել իմ հարցազրույցը Պետրոսի հետ։ Այն նկարահանվել էր նախօրեին, մինչեւ Սերժ Սարգսյանի մոսկովյան այցը։ Այնտեղ, վերջում, ասում եմ, որ մինչեւ եվրոպական համաձայնագիրը ստորագրելը «սյուրպրիզներ» կլինեն։ Փաստորեն երեկ եղավ»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























