Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքից քիչ առաջ ազատ արձակվեցին Բաղրամյան 26-ից բերման ենթարկված 11 անձանցից 8-ը: Այս մասին հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Ոստիկանությունն ազատ է արձակել բերման ենթարկված բոլոր տղաներին: Իսկ բերման ենթարկված աղջիկներից ազատ է արձակվել միայն մեկը` Լուսինե Հովակիմյանը: Նա բաժանմունքից դուրս գալուց հետո պատմել է, որ իրենց անօրինական զննել են, որի իրավունքը չունեին եւ ոստիկանը հանդիսավոր հայտարարել է, թե ինքը մի զանգի իրավունք ունի, մինչդեռ ինքը կարող էր անսահման զանգել: Լուսինե Հովակիմյանը պատմել է նաեւ, որ ոստիկանական բաժանմունքում իրենց անօրինական նկարել են եւ ասել, թե «դե ժպտացեք, նկարենք էլի, սիրուն աղջիկներ եք»:
Դեռեւս Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում են գտնվում բերման ենթարկված մյուս երեք աղջիկները` Լուսինե Հովսեփյանը, Գոհար Հակոբյանը, իսկ Սոֆյա անունով մի աղջիկ Արաբկիրի ոստիկանապետի մոտ հաղորդում է տալիս հանցագործության մասին:
Նշենք, որ քիչ առաջ քաղաքացիական համազգեստով անձինք բերման ենթարկեցին նաեւ Armeniatoday-ի համակարգող Արգիշտի Կիվիրյանին, ով ոստիկանության Արաբկիրի բաժանմունքի դիմաց սպասում էր բերման ենթարկված ակտիվիստներին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























