Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղորդել է, որ Պետերբուրգում կայանալիք G20 գագաթաժողովում ինքը, թեկուզ կարճ ժամանակով, հնարավորություն կունենա հանդիպելու եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Թուրքիան տարբերվում է այլ երկրներից, հատկապես Սիրիայի հարցում, քանի որ մենք երկիր ենք, որը խնդիրներ ունի Սիրիայի հետ ընդհանուր 910 կիլոմետրանոց սահմանին: Համոզված եմ՝ բոլոր այդ հարցերը կքննարկենք Պուտինի հետ»,-հայտարարել է վարչապետը՝ Սանկտ Պետերբուրգ մեկնելուց առաջ օդանավակայանում տված մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես հաղորդում է BFM.RU –ն, վկայակոչելով Beyaz TV-ն, Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի վրա հնարավոր հարձակմանը Անկարայի մասնակցությունը «Մեծ քսանյակի» գագաթաժողովի բանակցությունների հիմնական թեմաներից կլինի: Գագաթաժողովի բանակցությունների ընթացքում պարզ կդառնա, թե Թուրքիան ինչ տեղ կզբաղեցնի նախապատրաստվող հարձակման ծրագրերում: Ընդ որում, վարչապետը հաստատել է ավելի վաղ ԱԳ նախարարի կողմից հնչեցրած հայտարարությունն այն մասին, որ իր երկիրը պատրաստ է մասնակցել Սիրիայի դեմ ռազմական օպերացիա իրականացնելու ցանկացած կոալիցիայի: