Երեւանի դպրոցական ճաշարաններում շարունակվում է գազավորված ըմպելիքների վաճառքի արգելքը, որը մտցվել էր անցյալ տարի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման վարչության պետ Արման Էդոյանը: Նա հավելել է, որ նոր ուսումնական տարում այս փորձը կպահպանվի:
«Մենք խստիվ արգելել ենք կոլայի, ծամոնի ու արեւածաղկի վաճառքը: Դպրոցում դրանց համար տեղ չկա, եւ կարծում եմ մեր աշակերտների ծնողները ինձ հետ համամիտ են»,- հայտարարել է Էդոյանը: «Զարմանալին այլ է: Մենք աշակերտներից պահանջում էինք դասի ժամանակ ծամոն չծամել, միաժամանակ ճաշարանում ծամոն էր վաճառվում»,- ավելացրել է Ա. Էդոյանը:
Այժմ ճաշարանի վարիչների ու նրանց սնունդ մատակարարողների համար կազմվել է թույլատրելի սննուդի ցուցակ: Ուտելիքի մեջ մտնում են երշիկով, պանրով կամ նրբերշիկով բրդուճները, որոնք տեղում են պատրաստում: Եթե դրանք արդեն պատրաստի են, ապա պետք է լինեն փաթեթավորված ու պիտանիության ժամկետով: Սառը խմորեղենը չպետք է լինի արագ փչացող: Ըմպելիքներից թույլ են տրվում ջուրն ու հյութերը:
«Հետագայում մենք ցանկանում ենք մասնակցել նման ցուցակի կազմմանը, քանի որ, ցավոք, այս ոլորտում նորմատիվ փաստաթղթեր դեռ չկան: Պատրաստ ենք համագործակցել Առողջապահության նախարարության եւ այլ պատասխանատու կառույցների, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների հետ»,- եզրափակել է քաղաքապետարանի ներկայացուցիչը:





























