Ռուսաստանն, ի տարբերություն ԵՄ-ի, երաշխավորում է Ղարաբաղի կապը Հայաստանի հետ: Լրագրողներին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, նման տեսակետ է հայտնել Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ հենց դրա համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Մաքսային միություն մտնելու պատրաստակամության մասին կարելի է գնահատել որպես Հայաստանի ազգային շահերին համապատասխանող:
«Մեր շահերը հայկական երկու պետությունների անվտանգությունն ապահովելն է: Իսկ անվտանգության հիմնական երաշխավորը Ռուսաստանն է: Եվրոպան, ընդհակառակը, Ղարաբաղի հարցը կարող է լուծել Հայաստանի եւ Ղարաբաղի համար միանգամայն ոչ ձեռնտու տարբերակով», – հայտարարել է Հ. Հովհաննիսյանը: Մյուս կողմից, հավելել է նա, Ղարաբաղը դե ֆակտո Մաքսային միությունում ընդգրկելու խոչընդոտներ չեն ծագում:
Նրա խոսքով՝ նախագահը ստիպված էր միանձնյա որոշում կայացնել, քանի որ մնացած քաղաքական ուժերը լռում էին, այդ թվում՝ Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավի ընթացքում: «Ի տարբերություն նախագահականի, այդ ընտրություններին մասնակցում էին խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունները: Ու թեեւ քարոզարշավը քաղաքականության առարկա է, կուսակցություններից ոչ մեկն այդ հարցին չանդրադարձավ, բացի «Ժառանգությունից» եւ «Ազատ դեմոկրատներից», որոնք կտրականապես դեմ էին եվրասիական ինտեգրմանը եւ հրճվանքով էին ընդունում եվրոպականը», – հայտարարել է Հովհաննիսյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am





























