Կոմիտաս 5 հասցեում վերսկսված շինարարության դեմ բողոքող Կոմիտաս 5ա շենքի բնակիչ Էմմա Արիստակեսյանը չի հիշում, որ իրեն ոստիկանները քարշ տված լինեն։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տիկին Էմման ասել է, որ ուշագնաց է եղել շինարարական տեխնիկայի եւ իր հուզմունքի պատճառով։  Հիշեցնենք, որ Կոմիտաս 5 հասցեում գտնվող ակտիվիստները ավելի վաղ NEWS.am-ի թղթակցին ասել էին, որ իրենք ականատես են եղել, ինչպես են ոստիկանները քարշ տվել գետնին ընկած տիկնոջը։ Ավելին, նրանց խոսքով, ոստիկանները նույն եղանակով շինհրապարակից հեռացրել էին բոլոր բնակիչներին, ովքեր փորձում էին խոչընդոտել շինաշխատանքները։

Տիկին Էմման պատմել է, որ ինքը հիշում է միայն, թե ինչպես էր ոստիկաններից մեկը փորձում օգնել իրեն, մինչեւ շտապօգնությունը կժամաներ։ «Տարիքս էն չի , որ ինձ բաժին տանեն, ոչ էլ ջահել ու սիրուն եմ, որ ինձ կտուց անեն (¬նկատի ունի դեպքը, երբ ոստիկանը համբուրել էր ակտիվիստ աղջկա պարանոցը)։ Բժիշկն ինձ ուզում էր տաներ հիվանդանոց, հրաժարվեցի, ասեցի՝ ես էնքան փող չունեմ, որ գնամ հիվանդանոց»,- պատմել է տիկին Էմման։ Տիկին Էմմայի խոսքով՝ շինհրապարակում մեծ թվով բնակիչներ չեն հավաքվում, որովհետեւ բնակիչների մեծ մասը Հայաստանում չեն։ Իսկ նոր շենքը, որ կառուցում են, նրա համոզմամբ, օտարերկրացիները համար է, քանի որ «հայերն այդքան փող չունեն, որ այդ շենքում բնակարաններ գնեն»։  «Ես ինչի՞ պիտի պատուհանս բացեմ՝ Կոմիտասի փողոց չտեսնեմ։ Ինչի՞ պիտի պարսիկը, թուրքը գա, էդ տներն առնի, ինքը նայի Կոմիտասին»,- ասել է նա։

Միջադեպի առնչությամբ ոստիկանության լրատվական ծառայությունից  NEWS.am-ի թղթակցին հայտնեցին հետեւյալը: «Էմմա Արիստակեսյանի աղջիկը` Սուսաննան, ոստիկանությունում բացատրություն է տվել, որի մեջ նա շնորհակալություն է հայտնել ոստիկաններին մոր նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար»:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 8։00 շինարարները ոստիկանների վերահսկողությամբ վերսկսել են աշխատանքը Կոմիտաս 5 հասցեում։ Հարակից շենքերի մի խումբ բնակիչներ փորձել էին խոչընդոտել, սակայն ոստիկանները հեռացրել էին նրանց տարածքից։ 

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am