Սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե զրուցակիցներն անդրադարձել են Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը։ Այդ համատեքստում նախարար Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը առաջ մղելու հնարավորինս լայն ձեւաչափերով Եվրոպական միության հետ փոխգործակցությունը՝ շարժունակության, բարեփոխումների խթանման, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, բազմաոլորտ տնտեսական համագործակցության եւ այլ բնագավառներում՝ ընդգծելով, որ Հայաստանը ցանկանում է շարունակել հնարավոր սերտ գործընկերությունը՝ որքանով որ ԵՄ-ի համար հնարավոր կլինի դա եւ որը չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը։

Հանդիպմանը քննարկվել են Վիլնյուսյան գագաթաժողովին ընդառաջ սեպտեմբերի 12-13-ը Երեւանում կայանալիք Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման նախապատրաստական աշխատանքները։ Զուգահեռ Երեւանում կկայանա Արեւելյան գործընկերության անդամ երկրների կրթության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը։ Այս միջոցառումներին կմասնակցեն Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտաքին գործերի, կրթության նախարարները, ԵՄ Ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Կրության, մշակույթի եւ երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլուն, ԵՄ արտաքին գործերի ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիտը։

Էդվարդ Նալբանդյանը եւ Շտեֆան Ֆյուլեն պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել ինտենսիվ խորհրդատվությունները Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ։