Հայաստանում հոկտեմբերի 1-3-ը կանցկացվեն ռուս-հայկական ռազմատեխնիկական համագործակցության շուրջ բանակցություններ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին լրագրողներին ասել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ այս եւ մի շարք այլ համաձայնագրեր առաջիկայում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության նոր մակարդակ կներկայացնեն. «Մենք շահագրգռված ենք, որ Ռուսաստանն ավելի մեծ ծավալների ներդրում կատարի Հայաստանում: Եվ Միասնական մաքսային միության ձեւաչափը տալիս է դրա հնարավորությունը», – նշել է Ա. Բաղդասարյանը:
Ինչ վերաբերում է անվտանգության ոլորտում համատեղ աշխատանքին, տրամաբանական է, որ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ ակտիվ անդամներից, ամրապնդի տնտեսական համագործակցությունը նույն այդ երկրների հետ:
Վերջապես, հավելել է նա, Հայաստան կատարած պետական այցի ժամանակ ստորագրված համաձայնագրերով ՌԴ-ն Հայաստանի, ինչպես նաեւ Իրանի եւ Թուրքիայի հետ պետական սահմանների անվտանգությունն ապահովելու պատասխանատվություն է ստանձնում: «Տարածաշրջանային բարդ իրավիճակում մեր ռազմավարական գործընկերը աջակցություն ցուցաբերեց մեզ: Եվ այս համագործակցության ընդլայնումը միանգամայն բնական գործընթաց է», – նշել է Ա. Բաղդասարյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am





























