Ե. Կողբացի փողոցի տներից մեկի բակում սեպտեմբերի 5-ի գիշերը ծեծի ենթարկված երկու երիտասարդներից մեկին՝ Սուրեն Սաղաթելյանին, այսօր վիրահատել են։
«Տեղային անզգայացմամբ կատարել ենք քթոսկրերի ներուղղում։ Հիվանդի վիճակը բավարար է»,- NEWS.am-ին ասել է Դիմածնոտային վիրաբուժության կլինիկայի ղեկավար Աննա Պողոսյանը։ Սուրենի ընկերը՝ Հայկակ Արշամյանը, հիվանդանոց է տեղափոխվել քիթ-շրթունքային ծալքի եւ բերանի խոռոչի ներսից պատռված վերքերով։ Երեկոյան վերքերը մշակվել են, դրվել են կարեր, հիմա նա ստանում է ամբուլատոր բուժում։
Վիրահատությունից հետո Սուրենը NEWS.am-ի թղթակցին ասել է, որ այս հարձակումը ոչ թե իր դեմ էր, այլ Հայկակի, որն այս օրերին ակտիվ մասնակցել է Մաքսային միությանը միանալու դեմ ՀՀ նախագահի որոշման դեմ բողոքի ակցիաներին, իսկ երկու օր առաջ նախագահականի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հարցազրույց է տվել լրատվամիջոցներին։
«Ես այդ ակցիաներին չեմ մասնակցել, որովհետեւ աշխատանքի էի, ու ժամերն ինձ հարմար չէին»,- ասել է Սուրենը։ Նրա խոսքով՝ ինքը չի մասնակցել նաեւ նախօրեին ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային։
«Ակցիայից հետո հանդիպեցի Հայկակին, ու միասին մեքենայով տուն էին գնում, երբ մեր ճանապարհը մեքենաներով փակեցին ու ոչ մի ելք չթողեցին։ 6-7 հոգի էին։ Առանց բառ ասելու հարձակվեցին ու սկսեցին ծեծել։ Միայն հետո Հայկակն ինձ ասաց, որ իրեն ասել են՝ ախպար, մինչդեռ ինձ հետ ընդհանրապես չէին խոսում։ Համոզված եմ, որ դա իմ դեմ ուղղված չէր։ Ուղղակի ես Հայկակի հետ էի, դրա համար էլ ինձ ծեծեցին»,- պատմել է Սուրենը։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























