Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ կապված վերջին շրջանում քաղաքացիական ակցիաների ակտիվիստներին բռնության ու ծեծի ենթարկելու դեպքերի եւ այդ առնչությամբ ոստիկանությանն ուղղված անգործության մեղադրանքների հետ:

Ոստիկանության հայտարարությունում ասվում է.

«Վերջին շրջանում լրատվության միջոցներով պարբերաբար տեղեկություններ են տարածվում անհայտ անձանց կողմից քաղաքացիական ակցիաների ակտիվիստներին բռնության ու ծեծի ենթարկելու մասին, ինչպես եւ հիշյալ հանցարարքները բացահայտելու գործում անգործություն ցուցաբերելու մեղադրանք է ներկայացվում ոստիկանությանը:

Այդ մեղադրանքներն անհիմն են:

Ոստիկանության ուշադրության կենտրոնում են թե վերջին շրջանում արձանագրված այդ կարգի բռնարարքները, թե դրանց արձագանքներն ու հիմնազուրկ հայտարարությունները:

Ոստիկանությունը հայտարարում է, որ հիշյալ բոլոր դեպքերով կատարվում է քննություն, ձեռնարկվում են համապատասխան եւ անհրաժեշտ աշխատանքներ, եւ այդ գործընթացում ակնկալում ենք նաեւ ականատես քաղաքացիների աջակցությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվություն տրամադրողի գաղտնիությունը կերաշխավորվի:

Ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ չբացահայտվող հանցագործություններ չկան, պարզապես պետք է հասկանալ, որ ցանկացած բացահայտում ժամանակ է պահանջում: Իսկ կոնկրետ հիշատակվող դեպքերում «սրտացավ աղմկարարների» նկարագրությունները, որոնք ոստիկանության տրամադրության տակ են, հիմք են տալիս ենթադրելու, որ հանցարարքները նախապես կազմակերպված են: Ավելին, այդ նույն «մտահոգների» առարկայական նկարագրությունների հրապարակումն առավել զգուշավոր է դարձնում հանցամիտներին ու բարդացնում բացահայտման ընթացքը:

Հանրապետությունում այսպիսի տասնյակ դեպքեր են արձանագրվում, որոնք վաղ թե ուշ բացահայտվում են: Ոստիկանությունը հավաստիացնում է, որ բացահայտվելու են նաեւ այս դեպքերը, հատկապես եթե «լրատվական մտահոգությանը» փոխարինի իրական, քաղաքացիական մտահոգությունն ու աջակցությունը:

Մեկ անգամ եւս բոլորին կոչ ենք անում օգնել այդ ոչ դյուրին աշխատանքում, իսկ եթե չեք օգնում, գոնե մի խանգարեք ոստիկանությանը, որն առաջին հերթին է շահագրգռված այս դեպքերի բացահայտմամբ, քանի որ դրանք սրում են օպերատիվ իրավիճակը, որի կայունության պահպանումը ոստիկանության գլխավոր խնդիրն է: