Հայտնի է դարձել 63-ամյա Հմայակ Ավագյանի դին` Երեւանի Իսրայելյան փողոցի թիվ 37 շենքի վերելակի հորանում հայտնվելու պատճառը, այն է` տուժածի ինքնակամ միջամտությունը չաշխատող վերելակը վերականգնելու նպատակով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի Երեւան քաղաքի ծառայությունից:
Ծառայությունը իրականացրել է մահվան ելքով այս դժբախտ դեպքի տեխնիկական քննությունը, որի ժամանակ հանձնաժողովը եկել է եզրակացության, որ նշված դեպքի պատճառներից մեկը համատիրության կողմից տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի բ կետի խախտվելն է, այսինքն` տարածքի վերելակների համար պատասխանատու Կենտրոն 1 համատիրությունը պետք է շուրջօրյա մշտական վերահսկողություն իրականացնի ծառայության տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, ինչը սակայն չի արվել:
«Պատճառներից մեկը վերելակային ծառայություն իրականացնողի` Կենտրոն 1 համատիրության անբավարար աշխատանքի կազմակերպումն է: Անգամ կարճաժամկետ հոսանքազրկման դեպքում պետք է շրջայց իրականացվի, որ տեսնեին մարդիկ չեն մնացել խցիկներում, կամ վերելակը չի խափանվել հոսանքազրկման պատճառով»,- հայտնեցին ծառայությունից:
Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնից պատմեցին, որ երեկոյան տուժածը վերադարձել է իր տուն, շենքի հարակից տարածքը հոսանքազրկված է եղել, կարճ ժամանակ անց էլեկտրականությունը վերականգնվել է, նորից երկար ժամանակով դադարել է եւ երեկոյան 23.30-ի սահմաններում վերականգնվել է: Բնակիչները պնդում են, որ տուժածը հաճախ է վերացրել վերելակի փոքրիկ թերությունները, մարդկանց է հանել մեջից: Այս անգամ եւս, ըստ երեւույթին, նա փորձել է բացել վերելակի դռները, էլեկտրական շղթայի խզում է հայտնաբերվել, հարկային կանգառի տվիչը վնասվել է եւ քաղաքացին հայտնվել է հորանում, իսկ եթե այն չվնասվեր, քաղաքացին չէր հայտնվի հորանում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Իսրայելյան փողոցի թիվ 37 շենքի վերելակի հորանում հայտնաբերվել է քաղաքացու դի: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է օգոստոսի 29-ին, ժամը 13.09-ին: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները հորանից դուրս են բերել նույն շենքի բնակիչ` 1950 թ. ծնված Հմայակ Ավագյանի դին: Նա այդ շենքի 6-րդ հարկի բնակիչներից էր, ապրում էր միայնակ: Բնակիչները ԱԻՆ աշխատակիցներին պատմել են, որ դեպքի օրը երեկոյան նա բարեկամի տնից տուն է վերադարձել ալկոհոլ օգտագործած, եւ երբ առավոտյան բարեկամները սկսել են հետաքրքվել, թե արդյոք վերջինս նորմալ է տուն հասել, թե ոչ, որոնել են եւ նրան հայտնաբերել են վերելակի հորանում:
Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի157-րդ հոդվածի 2-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, եւ եթե այդ արարքը անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ, պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:




























