Ադրբեջանի Խրախ-Ուբա եւ Ուրյան-Ուբա գյուղերից Դաղստան արտաքսված լեզգիները Եվրախորհրդարանի պատգամավորներին հայտնել են Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման մասին: ԵԽ-ի պատգամավորների հետ հանդիպումը տեղի է ունեցել Դաղստանի Նովոաուլ գյուղում:

«Ադրբեջանի կողմից մշտական վիրավորական վերաբերմունքի պատճառով արտաքսված գյուղի բնակիչների շարքում ընկճախտի ու նյարդային հիվանդությունների հետեւանքով ավելանում են մահացության ցուցանիշները:  Գրեթե բոլոր գյուղացիները հոգեբանական, սրտային, հիպերտոնիկ վերականգնման եւ բժշկական այլ օգնության կարիք ունեն», - պատգամավորներին պատմել է Դաղստանում Լեզգիների ազգային-մշակութային դաշնային ինքնավարության ներկայացուցիչ Ռուսլան Գերեեւը:

Ըստ նրա՝ Խրախ-Ուբայի արական սեռի բնակչությունը «Ադրբեջանի տարածքում պերսոնա նոն գրատա է»:

Հանդիպման ժամանակ լեզգիները պատգամավորներին պատմել են իրենց գյուղի միջնակարգ դպրոցում երեխաների ուսանելու արգելքի մասին. Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր սահմանը հռչակելուց հետո այն պարզապես փակել էին:

ԵԽ-ի պատգամավորները ստացել են փաստաթղթերի պատճեններ, որոնք վկայում են Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման մասին: ԵԽ-ի պատվիրակությունը Դաղստան էր այցելել Ադրբեջանում դաղստանցի ժողովուրդների իրավունքների պաշտպանությունն ուսումնասիրելու կապակցությամբ, հայտնում է «Կավկազսկի ուզելը»:

Խրախ-Ուբա եւ Ուրյան-Ուբա գյուղերը գտնվում են Ադրբեջանի Խաչմասի շրջանում: Նախկինում դրանք  Դաղստանի Նովոաուլի Մագարամկենտի գյուղխորհրդի կազմում են եղել, իսկ 1991թ.՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո,  դարձել էին Ռուսաստանի անկլավները Ադրբեջանի տարածքում: 2010թ. սեպտեմբերին Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմաններ հաստատելու վերաբերյալ պայմանագիր կնքելուց հետո երկու գյուղերի բնակիչների հարցն անլուծելի էր մնացել: Խրախ-Ուբա եւ Ուրյան-Ուբա գյուղերի բնակիչները բազմիցս ցույցեր են անցկացրել, որտեղ փորձել են ուշադրություն հրավիրել իրենց խնդրի վրա: